«Ցանկացած ուժ չպետք է հավաքի 51% ձայն, որովհետեւ մյուս ուժն ասելու է, թե ընտրությունները կեղծվել են եւ ժողովրդին հանելու է` բերի հրապարակ, ցնցումներ են սկսվելու երկրի ներսում։ Թուրքերն էլ ժամացույցին նայելով` սպասում են, թե երբ է դա լինելու»,-Երեւանում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ որեւէ մեկի կողմից 50%+ ձայներ չհավաքելու դեպքում պետք է կոալիցիաներ կազմվեն, եւ այս համատեքստում «Լուսավոր Հայաստանն» ո՞ւմ հետ է պատրաստվում կոալիցիա կազմել, Էդմոն Մարուքյանը նշեց․ «Եթե խորհրդարանը ձեւավորվի մեր պատկերացրած օրակարգով, այսինքն՝ ժողովուրդն աջակցի համերաշխության մասին մեր օրակարգին, մենք պատրաստ ենք մեր ամբիցիաները մի կողմ դնել, իսկ եթե կարիք կա՝ վարչապետի թեկնածու չառաջադրել եւ բոլոր ուժերից դուրս գտնվող վարչապետի թեկնածուի ընտրել, որը կվայելի ազգային համաձայնություն։ Մենք առանձին վերցված չենք միանալու այնպիսի ուժի, որը նպատակ ունի մյուսին ոչնչացնելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ