Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտուլյանտը ստորագրեց մի փաստաթուղթ, որով ոչնչացման եզրին է կանգնեցրել մեր պետականությունը». «Զարթոնքի» հիմնադիր անդամ

Հունիս 11,2021 17:26

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Վրեժ Խաչիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած ընտրարշավի ժամանակ հարցնում են, թե ո՞րն է տվյալ ուժի առաքելությունն ու նպատակը: «Քանի որ «Զարթոնքը» ազգային քրիստոնեական կուսակցություն է, մեր առաքելությունն այն է, որ ազգի ինքնատիպ եւ քրիստոնեական արժեքների հիմնասյուների վրա հիմնվելով, այն՝ ինչ Սահմանադրությամբ ամրագրել ենք որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ինքնիշխան պետություն, այդ արժեհամակարգի ամրացման, կայացման արդյունքում ստանանք, ինչ մենք երազում ենք»,-ասաց Խաչիկյանը: Ընդգծեց, որ սովորաբար ցանկացած ազգի ոչնչացնելիս թիրախավորում են նրա արժեհամակարգը:

«Հայ ժողովրդի արժեհամակարգը սկսել են ոչնչացնել եւ թուլացնել: Ամենասուրբ հասկացությունները օջախն ու ընտանիքն են, ու այսօր տարբեր օտարամոլ կոնվենցիաներով` Ստամբուլյան, Լանզարոտեի, մանիպուլյացնում են ժողովրդին, իբր թե ընտանեկան բռնության դեմ են պայքարում, սակայն իրականում ընտանիք հասկացությունը մատուցվում է հանրությանը այլ կերպ, որ կարող են լինել ոչ միայն կին եւ տղամարդ, այլեւ տղամարդ-տղամարդ: Եվ եթե ազգի հիմնարար բջիջը, ընտանիքի սրբությունը վերանում է, արժեհամակարգը կորում է, մարդու կյանքն էլ ո՞ւմ է պետք: Հո այլասերված ազգի համար կյանքը չի՞ տալու:

Երկրորդը պետականությունն է: Երբ պատերազմը սկսվեց, ամբողջ հայ ազգը ոտքի կանգնեց, համախմբվեց, որովհետեւ հավատք ուներ եւ ուզում էր պետականություն պահել, պետականության մեջ ուզում էր պահել իր ազգային դեմքը, ինքնորոշման իրավունքը, ապրելու իրավունքը, մինչդեռ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, անհաջող իշխանավորները իրենց դավաճան առաջնորդի թեթեւ ձեռքով հողերը տվեցին: Կապիտուլյանտը ստորագրեց մի փաստաթուղթ, որով ոչնչացման եզրին է կանգնեցրել մեր պետականությունը:

Այժմ պետության մեջ չկա հստակ գործիքակազմ, գործընթաց, որ պետք է օրինակի համար ձեւավորել տեղական, ռազմական միավորներ` ցանկացած հկ-ներից, ընտանիքներից, որոնք անհրաժեշտության դեպքում կարողանան պետականության համար պայքարել, ընդհակառակը, այսօր զինաթափում են, առանց իրավական գործընթաց սկսելու՝ զուտ թղթի վրա ստորագրությամբ հանձնում են հողերը: Պատերազմի ժամանակ հազարավոր կյանքեր զոհեցինք, բայց այդքան հող չտվեցինք, ինչքան պատերազմից հետո առանց պատերազմի Փաշինյանը հանձնեց»,-նշեց Վրեժ Խաչիկյանը:

Նա եկեղեցին եւ մեր հավատը թիրախավորելուն էլ անդրադարձավ. «Այսօր թիրախավորել են եկեղեցին, հայոց եկեղեցու պատմությունը հանել դպրոցներից, եւ այն, ինչից կարող է կառչել ժողովուրդը, արժեզրկում են»:

«Զարթոնքի» հիմնադիր անդամը նշեց, որ ամեն օր որեւէ եկեղեցու մոտից են սկսում իրենց քարոզարշավը. «Ամեն Աստծո առավոտ, որ մարդն արթնանում է, գլուխը բարձրացնում է երկինք, ասում է Աստված ջան, շնորհակալ եմ, որ այսօր կյանք տվեցիր, հիմա այս պայքարը, որ սկսել ենք, առաջին հերթին մեր հույսն Աստված է: Աստծո կողմից տրված իմաստությամբ ուզում ենք ժողովրդին արթնացնել, որ զարթոնք ապրի ու փորձի պայքարել: Հարցը զուտ Ազգային Ժողով մտնելու մեջ չէ, այլ ժողովրդին քնից արթնացնելն է, այ մարդ զարթնեք, պետք չի, որ գան ձեր բնակարաններում մորթեն…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վրեժ Խաչիկյանի լուսանկարը` Ֆեյսբուքի իր էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930