Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դավաճանություն է, ՀՀ եւ Արցախի շահերի զիջում»․ Աշոտյանը փաստաթուղթ հրապարակեց

Հունիս 11,2021 16:20

«Երեկ Նիկոլ Փաշինյանը ստեր էր տարածում, թե Արցախի կարգավիճակի մասին հարց գոյություն չի ունեցել, թե միայն տարածքները հանձնելու խնդիր է եղել։ Անբարոյական ստեր են»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հորդորեց ՌԴ ԱԳՆ կայքում ընթերցել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահողի հայտարարությունը, որը մոռացության է մատնված տեղեկատվական աղմուկի մեջ․ «Դրանում նշված է, թե ինչպիսին է եղել բանակցային ժառանգությունը։ Գրված է, որ հինգ շրջան հանձնելուց հետո ստացվելու է Արցախի միջանկյալ կարգավիճակը։ Որքա՞ն ապուշ եւ անբարոյական պետք է լինես, որ սեփական ժողովրդիդ դնես հիմարի տեղ եւ խաբես։ Խաբեցիր, որ այդքան երեխայի գլուխ կերար»։

Արմեն Աշոտյանը պնդեց, որ Փաշինյանի իշխանությունն անգամ պատերազմից հետո է խաբել հանրությանը՝ զիջելով ՀՀ-ի եւ Արցախի ազգային շահերը։

Ապա Արմեն Աշոտյանը որպես ապացույց հրապարակեց ապրիլին ստեղծված փաստաթուղթ, որը պետք է ընդունվեր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, բայց չի ընդունվել զուտ այն պատճառով, որ երկրներից մեկն իր իսկ տեսանկյունից բխող վետոյի իրավունք է կիրառել։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ փաստաթուղթն իր ձեւաչափով ուղերձ է՝ վերաբերող Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների սպասվող համատեղ գագաթնաժողովին։

Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ Եվրանեսթի բյուրոյի նիստում փաստաթուղթը ներկայացվել է որպես նախագիծ, եւ հայկական պատվիրակությունը չի առարկել․ «Փաստաթղթի կետերից մեկով միջազգային հանրությանը եւ ԵՄ, Արեւելյան գործընկերության ազգային խորհրդարաններին կոչ է արվում դատապարտել գործընթացներն ու հասարակական ուղերձները, որոնք պարունակում են ատելություն, էքստրեմիզմ, եւ, ուշադրություն, ռեւանշիզմ։ Հետկոնֆլիկտային իրավիճակներում ռեւանշիզմի դատապարտման մասին է խոսքը։ Ո՞վ է մեյդան բերել «ռեւանշիզմ» բառը՝ Ադրբեջանն ու Նիկոլը, Ադրբեջանն ու լենանազարյանները։ Այսինքն, սրանով ուզեցել են Եվրոպայում մեր ժողովրդի, քաղաքական ընդդիմության բերանը փակել։ Իսկ մյուս կետում ասվում է, որ Եվրանեսթը վերահաստատում է ԵԱՀԿ-ի կողմից ջանքերի, եւ, ուշադրություն, վստահության քայլեր ձեռնարկելուն օժանդակելը։  Այսինքն, այստեղ ԵԱՀԿ մանդատը վերաձեւակերպելու քաղաքական ուղերձ կա։ Ու այս թղթին համաձայնություն է  տվել հայկական պատվիրակությունը։ Այս երկու ռումբերով իբրեւ թե ՀՀ-ին եւ Արցախին են ներկայացրել մեր իշխանությունները Եվրոպայում։ Սա դավաճանություն է։ Նման թղթեր էլի են լինելու, այս մեկը մեր աղբյուրներն են փոխանցել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930