«Իշխան, կարո՞ղ է ես էլ պիտի քեզ ընկեր ասեմ»,- Աբովյան քաղաքում հանրահավաքից հետո, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հարցրեց Ռոբերտ Քոչարյանը, երբ ներկաներից մեկը հարցրեց`«ընկեր Իշխան, ոնց եք»: Հետո Ռոբերտ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի ողջությամբ հետաքրքրվողին հարցրեց`«դաշնա՞կ եք», լսելով բացասական պատասխան`ասաց. «Կարող եք ընկերով չդիմել»:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց. «Մեր թիմակիցների այսօրվա աթոռները շատ ավելի հարմարավետ են ու փափուկ, քան իշխանության աթոռները, որոնց ձգտում ենք: Այո ձգտում, ենք, որովհետեւ ունենք շատ ուժեղ մոտիվացիա. մենք ուզում ենք երկիրը փրկենք այս ազգադավաճանների ձեռքից, այս անհայրենիքներից: Ամսի 20-ին կրկեսը փակում ենք, կլոուններին ռադ ենք անում եւ իրար հետ նստում`որոշում ենք`ո՞նց ենք ապրելու հետո: Իսկ հետոն լինելու է պայծառ»:
Կարդացեք նաև
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ մարզպետները շարունակում են համայնքի ղեկավարների, դպրոցների տնօրենների, բուժհաստատությունների եւ այլ հիմնարկների ղեկավարների վրա ճնշումներ գործադրել: Նա մեկ անգամ ևս իշխանությանը զգուշացրեց`հեռու մնալ ՀՀ գիտակից քաղաքացիներից, ովքեր կանգնած են հայ ազգի եւ պետականության կողքին եւ «ոչ» են ասում «ազգադավ իշխանությանը»:
Իսկ մինչ այդ Նոր Հաճնում կայացած հանրահավաքում Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ 1998-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված ճգնաժամը հաղթահարեցին հենց Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն: Նա վստահեցրեց, որ այս ուժն այսօր էլ գալիս է ճգնաժամը լուծելու: Հստակեցնելով, որ այս ընտրություններում իրենց թիրախը «չարիքի կառավարությունն է», Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է, բայց այդ ճգնաժամերն ինքն է ստեղծում ու կառավարում. «Այո, Ռոբերտ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է: Չեմ ուզում վիրավորել առաջին նախագահին, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 1988-ին այդ ճգնաժամն ինքն էր ստեղծել, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եկան, այդ ճգնաժամը հաղթահարեցին: Այսօրվա ճգնաժամն էլ ստեղծել է իր հոգեզավակը, այո, գալու ենք միասին հաղթահարենք»:
«Այս մարդիկ այսօր ընկել են գյուղերով, մարդկանց համոզում են, որ ապագա կա: Մարդանց բերել-հասցրել են այն վիճակին, որ արտագաղթում են, հիմա համոզում են, որ ապագա կա: Այո, ապագա կա, բայց այդ ապագան առանց Նիկոլի եւ նիկոլիզմի է: Ժամանակին ասում էին`ելք կա, փակեցին բոլոր ելքերը, ասում էին`քայլ արա, կտրեցին մեր զինվորների ոտքերը, հիմա էլ ասում են`ապագա կա. ուզում են այդ ապագայի վրա էլ խաչ քաշեն: Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է խաչ քաշի նրանց վրա եւ ճանապարհի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ մասնավորաբար, ասաց, որ չի ցանկանում այսօրվա իշխանության մասին խոսել. «Նրանք պրծած են: Այնտեղ իսան չկա: Իրենք տնավորվել են ՀՀ կառավարության շենքում»: Ասաց՝ գալիս են ճգնաժամերը լուծելու: «Սրանք ստեղծող տեսակ չեն, սրանք ավերող եւ քայքայող տեսակ են»,- գործող իշխանություններին այսպես բնութագրեց Ռոբերտ Քոչարյանը`հորդորելով, որ ընտրողներն իրենց քվե տան եւ իրենցից էլ պահանջեն, երդվեց, որ մարդկանց վստահությունը երբեք չեն չարաշահելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ