Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հունիսի 5-ին այցելել է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում գտնվող Միրաք ընտանիքի անվան անտառավերականգնման տնկարան:
Այս այցի ընթացքում դեսպան Վիկտորինը պաշտոնապես ազդարարել է «ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք – դիմակայուն ապագա» ծրագրի մեկնարկը: Դրան հետևել է խորհրդանշական ծառատունկ, որին միացել են տեղական իշխանությունների և «Էյ Թի Փի» կազմակերպության ներկայացուցիչներ։
Առաջիկա 3 տարիների ընթացքում ծրագիրը նախատեսում է հիմնել երեք տնկարան` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար: Իսկ բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախային համայնքներում 7000 դպրոցականներ կստանան ոչ-ֆորմալ բնապահպանական կրթություն։
«Կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կայուն զարգացմանն առնչվող միջոցառումներն առանցքային մասն են կազմում Եվրոպական «կանաչ գործարքի», ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևոր առաջնահերթություններից են: Մեր համոզմունքն է, որ կանաչ զարգացումը տնտեսական վերականգնման առանցքում է, այդ պատճառով ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներգիայի խթանման, թափոնների կայուն կառավարման և այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում ընդգծել է դեսպան Վիկտորինը:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east