Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զբաղված են իրար վրա փողոցային բառամթերքով ցեխ շպրտելով և բռնության ու հաշվեհարդարի հրապարակային կոչեր անելով. հայտարարություն

Հունիս 11,2021 14:50

Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանու հայտարարությունը

Այսպես ու̔ր ենք գնում

2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանին (ՀՄՖԱ) ահազանգել էր, որ իշխանություն-ընդդիմություն օր-օրի խորացող հակասությունը Հայաստանի Հանրապետության համար վերածվելու է լրջագույն սպառնալիքի, իսկ լեգիտիմ ճանապարհով ձևավորված իշխանությունը դառնում է լեգիտիմությունը կորցրած ապակառուցողական իշխանություն:

Նմանատիպ ֆորսմաժորային իրավիճակներում, երկրում խորացող առճակատումը կանխելու նպատակով, սկսած 2004թ-ից ՀՄՖԱ-ն կազմակերպել է առանձին հանդիպումներ իշխանական և ընդիմադիր կուսակցությունների հետ: ՀՄՖԱ-ն համոզված էր և այժմ էլ գտնում է, որ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարումը հնարավոր է միայն ազգային համերաշխության և միասնականության պայմաններում :

Ելնելով վերոնշյալից, ՀՄՖԱ-ն ս.թ. հունվարի 21-ն հանդիպեց «ՔՊ» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկելով ընդունել ճգնաժամից դուրս գալու մեր ճանապարհային քարտեզը, գալ ընդհանուր համաձայնության, ինչի արդյունքում հնարավոր կլիներ արտահերթ ընտրությունների միջոցով դուրս գալ ճգնաժամից և վերականգնել երկրի կյանքի բնականոն ընթացքը: Ցավոք, հանդիպումը ցանկալի արդյունք չտվեց, իսկ հանրության ներքին երկփեղկվածությունը ընդունեց ավելի վտանգավոր և ծայրահեղ ձևեր:

Եվ այժմ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ երկիրը ենթարկվել է ծանր վայրիվերումների, կորցրել է բնօրրանի զգալի հատվածներ, երբ թշնամին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և երազում է լողալ Սևանի ջրերում, իշխանական և ընդդիմադիր ուժերը զբաղված են իրար վրա փողոցային բառամթերքով ցեխ շպրտելով և բռնության ու հաշվեհարդարի հրապարակային կոչեր անելով: Այսպիսի գործելաոճը էլ ավելի է խորացնում հանրության երկփեղկվածությունը, դրանով իսկ ջուր լցնելով թշնամու ջրաղացին:

ՀՄՖԱ-ն կտրականապես մերժում է նման գործելաոճը և հորդորում է արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հանդես բերել ստեղծված իրավիճակի լրջությանը համարժեք զսպվածություն և ազգային-պետական շահը գերադասել նեղ անձնական նկրտումներից:

Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Անհաղորդ մնալը անթույլատրելի է և հակասում է պետության շահերին:

ՀՄՖ Ավագանու անունից՝

Գառնիկ Մարգարյան,
Հովիկ Վարդումյան,
Լենսեր Աղալովյան,
Արամ Մկրտչյան,
Ազատ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930