Ermenihaber. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին Մակրոնը հայտնել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումը լավ բան է, քանի որ երկու նախագահին էլ անհրաժեշտ է միմյանց տեսնել:
«Ես կարծում եմ, որ որքան էլ մենք տարաձայնություններ ունենանք, պետք է միշտ մեկս մյուսի հետ խոսենք։ Կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին», – ասել է Մակրոնը։
Նա հայտնել է, որ Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։