Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ թվում է, թե ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքի մասին ձայնագրությունի՞ց է իմացել»․ Աշոտյան

Հունիս 11,2021 13:51

«Ցավում եմ, որ քչերը հասկացան, թե ինչի մասին էր այդ ձայնագրությունը, բայց այն ամբողջությամբ ծառայեց իր նպատակին։ Առաջնահերթ, այդ ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը մեզանից՝ Սերժ Սարգսյանից, ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն։ Այնպիսի ժառանգություն, ըստ որի, ինչպես կապիտուլյանտն է խոստովանում, Պուտինն ու այլք ասել են՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախն այլեւս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակած ձայնագրությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սա էր արցախյան բանակցությունների կարեւորագույն հիմնադրույթը մեր օրոք։ Մենք միշտ բանակցել ենք այն մասին, թե ինչ ենք ստանալու։ Եվ մենք մինչեւ 18թ․-ը ներառյալ ստանում էինք Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ տապալել է այդ բանակցային ժառանգությունը։ Սա կարեւոր արձանագրում է, որովհետեւ նա դրանով է բերել պատերազմ ՀՀ-ի եւ Արցախի գլխին։ Նա զրոյացրել է բանակցային գործընթացի հայանպաստ արդյունքները՝ պատերազմ է բերել մեր գլխին»,-նշեց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Նա կարծում է, որ ձայնագրությունը եւս մեկ կարեւոր հանգամանք ապացուցեց՝ Նիկոլ Փաշինյանը չի դադարել լինել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի դեմ աշխատող գործիչ․ «Նա ասում է, որ իրեն տանում էին մի ճանապարհով, որի վերջը նորից ապրիլյան պատերազմն էր։ Այդպես նա ՌԴ-ին փաստացի մեղադրեց ապրիլյան պատերազմի եւ հնարավոր նոր պատերազմի մեջ։ Ձեզ թվում է, թե ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքի մասին ձայնագրությունի՞ց է իմացել։ Որեւէ մեկը միամիտ չէ։ Փաշինյանի հակառուսական գործունեության մասին տոննաներով փաստեր Մոսկվան ստացել եւ ստանում է։ Ձայնագրությունը նաեւ փաստում է, որ մեր երկիրն աշխարհին ներկայացրել է մեկը, ով իրեն գժի տեղ է դրել։ Հարց՝ աշխարհը մեզ լուրջ վերաբերվե՞լ է այս երեք տարիներին։ Սա էլ էր արյունալի պատերազմի պատճառներից։ Դրա համար աշխարհը եւ ՌԴ-ն մեզ չօգնեցին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930