Տարբեր մարզերում շրջայցերի արդյունքում պարզ է, որ մարդիկ ուզում են, որ Հայաստանի հանրապետությունում գոյություն ունենա ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի։ Այսօր Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին, տեղացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը իր ելույթի սկզբում ընդգծեց, որ հունիսի 20 -ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին իրենք պետք է իրականացնեն հեղափոխության երկրորդ փուլը՝ նորից ոչ բռնի և ժողովրդավարական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն.
Կարդացեք նաև
«Պողպատյա հեղափոխություն նշանակում է՝ օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, օրենքի դիկտատուրա Հայաստանի հանրապետությունում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով։ Խոսքը օրենքի իշխանության մասին է, ոչ թե բռնության։ Այն պետք է իրականացվի օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, որն այսօր այլևս այլընտրանք չունի։
Պետք է նաև ոչ միայն ուղիղ կառավարման ոլորտում գտնվող օղակներում կարգ ու կանոնի խնդիր դնենք, այլ նաև ավելի լայն շրջանակով։
Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է, կներեք արտահայտությանս համար, իսկական աղբանոցի։ Մենք պետք է նաև այս ոլորտում օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ և այն պահպանելու որոշակի մեխանիզմներ։
Այսօր լրատվական դաշտում գործում են որոշ մարդիկ, որոնք ավելի շատ քիլերի են նման, քան լրագրողի»։
Փաշինյանը իր ելույթում նաև պնդեց, որ թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ էր, որպեսզի ի ցույց դրվի հանրության ներուժը.
«Մենք արդյունքում տեսանք, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որն ինքն իրեն անընդհատ վերարտադրում է։ Եթե կա որևէ աշխատատեղ՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է։ Այսօր ամենաշատը դա երևում է իրավաբանների ոլորտում։ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։ Ամենևին պատահական չէ, որ նոյեմբերից այդ մարդիկ ուզում են հեղափոխություն անեն և հարթակից ժողովրդին անվանում են ժեխ, բոմժ, կամ վիրավորելու համար ասում են եհովայի վկա, զոմբի։ Դա պատահական չէ, որովհետև նրանց այդ քայլը պատերազմի հետ կապ չուներ, չեք նկատում, որ արդեն մոռացել են, սա միայն մի բանի հետ կապ ունի՝ նրանք չեն հասկանում, թե ոնց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինի։ Ես ասում եմ, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել այդ իշխանությունը»։
Փաշինյանը վստահեցրեց, որ եթե հարկավոր լինի՝ կլինեն նորից հեղափոխություններ՝ կեղծ էլիտաների վերարտադրությունը կանխելու կամար.
«Կանենք էնքան հեղափոխություն մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած, քաղաքականից վերջացրած խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք։ Դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, քանի որ Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պետք է խոնարհ ծառայեք նրան։
Դուք չեք թպրտալու ժողովրդի առաջ, որովհետև ժողովրդի դեմ խաղ չկա, և դա մենք կապացուցենք այս ընտրություններում։ Ուրեմն Հայաստանում ծավալվել է ոչ բռնի, բայց պողպատյա հեղափոխությունը և կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի սրի տակով, իսկ ով որ չանի դա … Կանի»։