«Արդեն 5-6 օր է՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հանդեպ քաղաքական հետապնդումներ են սկսվել։ Այն պահից, երբ կապիտուլյանտը տեսնում է, որ դաշինքի հեղինակությունն էապես աճում է, սկսում է նման գործողությունները։ Օրինակ՝ իմ հանդեպ հարուցված 2020թ․-ի գործով ակտիվ հարցաքննությունների են կանչում մեր կուսակցական ընկերներին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Արմավիրի նախկին մարզպետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալությանը՝ ասաց դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։
«Կուսակցականների հաշիվների վրա արգելանքներ են դրել՝ հանրահավաքին մասնակցելու համար։ Առանց ծանուցման։ Իմ երեք հաշիվներն արգելանքի տակ են, եւ ես որեւէ ծանուցում չեմ ստացել։ Հիմա, որպեսզի մենք դատարանով վերացնենք դա, գործընթացը կարող է մինչեւ մեկ տարի տեւել»,-նշեց Արսեն Բաբայանը։
Նա կարծում է, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի հայտարարած վենդետաների շրջանակում է։ «Գործն ընտրակաշառքի մասին է։ Բայց մեր դաշինքն ու ընտրակաշառք բառն իրար հետ կապելը ծիծաղելի է։ Պարոն Խլղաթյանն այնքան համակիրներ ունի, որ ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կարող։ Մենք զգուշացնում էինք, որ քաղաքական հետապնդումներ, վարչական ռեսուրսի օգտագործում ու կեղծիքներ են լինելու»,-դառնալով Ռուբեն Խլղաթյանի գործին՝ հավելեց Արսեն Բաբայանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ