Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը պատմեց` ինչո՞ւ է իր բարեկամին ազատել համալսարանից եւ ուղարկել Հորադիզ` ծառայության

Հունիս 11,2021 12:55

Եղվարդում նախընտրական հանդիպման ժամանակ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանն աննախադեպ իրավիճակում է, երբ կան անվտանգային, տնտեսական եւ ներքաղաքական ճգնաժամեր եւ դրանք բոլորն էլ արհեստածին են ու գործող իշխանության սխալ քաղաքականության արդյունք. «Այս իշխանությունն իրեն լավ է զգում քաոսի պայմաններում, սա իրենց ոճն է, իրենց տեսակը, իրենք այլ միջավայրում չեն կարող ապրել»:

Գործող իշխանությանը նա համեմատեց շնաձկան հետ, որն անընդհատ շարժման մեջ է, անընդհատ նեգատիվի փնտրտուքներում է. «Իրենց ԴՆԹ-ն սա է: Արդյո՞ք այն իշխանությունը, որը պատասխանատու է եւ մեղավոր է այս իրավիճակի համար կարող է շտկել այն»:

Այնուհետ Ռոբերտ Քոչարյանը խոսեց դաշինքի ծրագրերից` ներկայացնելով վերոնշյալ երեք բաղադրիչներով իրենց քայլերը:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ արտագաղթի մասով հնչեցնում էր Հայաստանից արտագաղթածների 80 հազար թիվ`չորս ամիսների կտրվածքով, իսկ այսօր, հինգ ամիսների կտրվածքով, ասաց, որ Հայաստանից արտագաղթել է 90 հազար մարդ:

Նա նաեւ խոսեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր դրդապատճառների մասին. «Մենք գալիս ենք հանգստություն բերելու համար, մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, մենք 24 ժամ աշխատելու ունակություն ունենք, բայց մի վատ բնավորություն ունենք`ուրիշներին էլ ենք աշխատեցնում: Այն ժամանակ մեր կարգախոսը եղել է`«Աշխատենք միասին», հիմա էլ ենք գալիս աշխատելու եւ աշխատեցնելու»:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը խոսեց «Հայաստան» դաշինքի ներդրումային ծրագրերի մասին եւ ասաց, որ 1990-ականների վերջին Հայաստան եկած ներդրողները չեն անհետացել, բայց այս երեք տարիների ընթացքում պարզապես չեն ցանկացել գործ ունենալ «սրանց» հետ: Ըստ նրա, վերջին երեք տարում Հայաստանում օտարերկրյա ներդրումները զրոյական են: Պետության ներդրումային քաղաքականության մասին իրենց պատկերացումը կարճ ձեւակերպեց`պետությունն ամեն ինչ անելու է ներդրողի համար, որ հարկ եղած դեպքում էլ ներդրողն ամեն ինչ անի պետության համար:

Վահե Հակոբյանը խոսեց նաեւ դաշինքի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մասին`ասելով, որ խորհրդատվական ինստիտուտն են զարգացնելու, շեշտակի ավելացնելու են սուբսիդավորումը, լիզինգային ծրագրերն են ավելացնելու:

Հարց հնչեց ազգովին զինվոր դառնալու եւ աղջիկներին զորակոչելու, երեք ամիսը մեկ զորահավաք իրականացնելու մասին: Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ազգ-բանակ գաղափար եղել է Հայաստանում, քննարկվել է: Ձեր առաջարկը մի քիչ ռադիկալ է: Ես չեմ կարծում, որ մենք պատրաստ ենք նման քայլերի գնալ»: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջարկը Իսրայելի օրինակն է, որը հանրությունում լայն քննարկումների արդյունքում պետք է ներդնել: Ինչ վերաբերվում է բանակի ուժեղացմանը, դա այլընտրանք չունի:

Ռոբերտ Քոչարյանը պատահական չհամարեց վերջին երեք տարիներին ազգային գաղափարախոսության վրա հարձակումները, մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարությունները. առաջինը ազգային ինքնությանը հարվածելու համատեքստում, երկրորդը գյուղը եւ գյուղացուն, որը պետության հիմքն է եւ ասաց, որ եթե սրանից դասեր չքաղենք, ապա մշտական ճգնաժամերից չենք խուսափելու:

Պատասխանելով կրթական ոլորտին վերաբերվող հարցին էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վերանայվելու են վերջերս ընդունված կրթական չափորոշիչները եւ բոլոր փոփոխությունները, որոնք մեր լեզվին եւ ինքնությանը վնասում են՝ տեղ չպետք է ունենան: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց, որ կրթությանը երբեք չպետք է նայել իբրեւ բիզնեսի. «Պետական համակարգում գիտելիք չունեցող, բայց դիպլոմ ունեցող մարդը չպիտի կարողանա տեղավորվել աշխատանքի, որովհետեւ եթե այդ հնարավորությունը կա, դա ձեւավորում է պահանջարկ»:

Դուք երաշխավորո՞ւմ եք, որ կլինի արդարություն, չեն լինի արտոնյալներ: «Դուք երբեւիցե լսե՞լ եք, որեւիցէ իմ ընտանիքի անդամի, կամ իմ հարազատի, բարեկամի կողմից որեւէ լկտիություն, որեւէ տեղ»,- հարցրեց Ռոբերտ Քոչարյանը: Դահլիճից հնչեց`«ոչ»: «Հիմա եթե մերոնք չեն անում`ո՞վ պիտի անի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Հարց տվողը նկատեց`իրենք չեն արել, բայց անողներ եղել են, բոլորս էլ գիտենք: «2008 թվականից հետո, ես որեւէ առնչություն իշխանությունների հետ չեմ ունեցել: Ինձ հասկացա՞ք: 2009 թվականից մինչեւ 2018 թվականը նույնիսկ ես շփումներ չեմ ունեցել, որովհետեւ շատ բաներ կային, որոնց հետ ես համաձայն չէի եւ հիմա ասում եմ`բացառվում է նման կարգի դրսեւորումներ մենք թույլ տանք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` հավելելով. «Խստության տեսանկյունից ես բավարար կամք ունեմ…խստությունը ո՞րն է, մեկ-մեկ մի հատ սենց նայում ես հերիք է արդեն, մարդը իրա տեղը…Ամբողջ ոստիկանությունը սպասարկում է մեկ մարդու: Ոստիկանությունն այդպիսի ֆունկցիա չունի: Կա Պետական պահպանության ծառայություն, որը պետք է ապահովի: Ոստիկանությունը դարձել է անձնական թիկնապահ»:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց, որ հաշվարկվելու են բոլոր այն ծախսերը, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում ներդրվել են «մեկ մարդու» պահպանության համար: Ասաց, որ խոսքը հսկայական գումարների մասին է: Ռոբերտ Քոչարյանը նաեւ պատմեց, որ ժամանակին իր մի շատ մոտ բարեկամն, որը Ղարաբաղից եկել էր Հայաստան`սովորելու, մի սխալ էր թույլ տվել, որից հետո ինքը նրան անմիջապես ազատել է համալսարանից եւ ուղարկել Հորադիզ`ծառայության`«մինչեւ խելքի գա եւ որեւէ քայլ չանի», ասելով, որ եթե քո բարեկամների նկատմամբ խստապահանջ չես, հնարավոր չի լինի:

Վահե Հակոբյանն էլ ավելացրեց. «Դրսեւորումներ, այո, եղել են, բայց հիմա տեսնում ե՞ք ինչ է կատարվում: Դուք տեսե՞լ եք իրենք ոնց են շրջում, ում պետք է, պետք չի, ինչ-որ 60-50 հոգանոց անհայտ ծագման մարդիկ են ու էդ մարդիկ զինված են եւ պետական ապարատը`ուժային մարմինները, բան չի անում այդ ուղղությամբ: Այն ժամանակ մենք, որ սրա 3,5 տոկոսն անեինք, ինձ կախաղան էին հանում: Ես կարծում եմ, հիմա այդ զուգահեռներն անհնար է անցկացնելը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930