«Պարոն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ ուշ երեկոյան։ Մինչեւ այդ արգելանքի տակ են վերցրել, տեղի են ունեցել մի շարք խախտումներ։ 17:30-ին նա վերցվել է փաստացի արգելանքի տակ, սակայն դա արձանագրվել է 18:30-ին։ Բացի այդ, փորձել են խոչընդոտել մեր՝ փաստաբաններիս մուտքը։ Ամեն փաստաբանի մուտքը տեւել է մոտ 40-50 րոպե»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց երեկ ձերբակալված Արմավիրի նախկին մարզպետ Ռուբեն Խլղաթյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Պապոյանը։
Նրա խոսքով․ «Ասում էին, որ պետի ցուցումով հրահանգ ունեն որեւէ փաստաբանը մոտը չթողնելու։ Միայն ՄԻՊ-ի գրասենյակի միջոցով ենք կարողացել հանդիպել։ Առհասարակ, իրավաբանության հետ աղերս չունեցող գործընթաց է»։
Փաստաբանը հայտնեց, որ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի երկու՝ 34-րդ (հանցափորձ՝ ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով) եւ 154-2 (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) հոդվածների կասկածանքով․ «Սա առնչություն չունի պարոն Խլղաթյանի հետ։ Սա նպատակ ունի խոչընդոտելու «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։ Պարոն Խլղաթյանն ասում է, որ կասկածանքի հետ որեւէ առնչություն չունի, որ այս ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ շեշտեց, որ սա Ռուբեն Խլղաթյանի հետ կապված առաջին նման դեպքը չէ․ «Ավելի վաղ փորձ էին արել մեկ այլ քրեական գործ սարքել եւ նրա գործունեությունը դաշինքի շրջանակում խոչընդոտել։ Մի քանի օր առաջ ուզում էին գլխին քրեական գործ սարքել։ Այն ժամանակ չասացինք այդ մասին, սպասեցինք՝ տեսնենք, թե էլ ինչ կարող են այս կապիտուլյանտները սարքել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ