«Ալիք մեդիա». «Ես քեզ ասում եմ՝ Ռոբիկ, դու ոչ մի բան ես, դու ոչնչություն ես, դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի… ես խոսքով քեզ կոչնչացնեմ, մեյիդդ կփռեմ…»։
Բավական է։ Ավելին պետք չէ մեջբերել իրեն պետության ղեկավար համարող Փաշինյանի այս ելույթից։ Նույնիսկ այսքանն արդեն սրտխառնոց է առաջացնում, դրա համար ես տեսանյութի հղումն էլ չեմ տալիս՝ մարդկանց հոգեկանը խնայելով։
Ես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը չեմ, համակիրը չեմ, ավելին՝ նրա գաղափարական հակառակորդն եմ, բայց հիմա պիտի պաշտպանեմ բանավեճը մերժելու նրա որոշումը։
Հարց տամ՝ աշխարհում կա՞ մի ողջամիտ մարդ, որ վերոհիշյալի խոսքերից հետո կգնա բանավեճի։ Ես լուրջ եմ հարցնում ու անկեղծ։ Պատասխանեմ ինքս. ես էլ լինեմ Քոչարյանի փոխարեն, չեմ գնա։ Երբ համարյա նույն հիստերիկ ոճով նա բանավեճի հրավիրեց առաջին եւ երկրորդ նախագահներին (թույլ տվեք դարձյալ չմեջբերել, հայտնի են այդ արտահայտությունները) եւ մերժում ստացավ (առաջին նախագահը պատասխանեց իրեն հատուկ հեգնանքով, երկրորդ նախագահը՝ իրեն հատուկ մարտական տոնով), ավելի կատաղեց եւ նետեց վերը բերված ֆրազները։
Կարդացեք նաև
Այո՛, իրեն հարգող ոչ մի մարդ այդպիսի հրավերից հետո չի գնա բանավեճի, որովհետեւ այս ոճով բանավեճի հրավիրողի նպատակը բուն բանավեճը չէ, այլ իր հիստերիան դուրս նետելը, իր կարծեցյալ կամ թվացյալ «տղամարդկությունն» ի ցույց դնելը եւ վերջապես՝ առանց մտածելու եւ առանց բառերի մեջ խորանալու «այոոոոոոոո» գոռացող լյումպենին ինքնաբավարարման հասցնելը։
Ընդ որում, արդեն իսկ տեղեկություններ կան, որ այդ «այոոոո» գոռացող զանգվածը ավտոբուսներով տեղից տեղ փոխադրվող նույն անձինք են, որ Նիկոլ Փաշինյանի աջակցության պատրանք են ստեղծում։
Այս մարդը այդպես էլ չաճեց սկանդալային թերթի խմբագրի մակարդակից եւ չդարձավ քաղաքական գործիչ, առավել եւս՝ պետության ղեկավար։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու երեք տարիների ընթացքում նա միայն մի բան է կարողացել լավ անել` բոլորին կռվեցրել է բոլորի հետ, իսկ հիմա՝ այս թունավոր նետերի քարոզարշավի ընթացքում, այդ կռվեցնելը հասցնում է գագաթնակետին. ընկերներն իրարից են նեղանում, բարեկամները՝ գժտվում, հարեւաններն իրար չեն բարեւում եւ այլն։ Եվ սա փաշինյանական կառավարման գլխավոր «ձեռքբերումներից» է, որ միայն իրեն է ձեռնտու։
Այդ պառակտելը նոր չի սկսվել։ Սեւերի եւ սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների, մերոնքականների եւ ոչ մերոնքականների բաժանումը սկսվել է հենց «հեղափոխության» արշալույսին։ Ընդ որում, քաղաքացու անունից խոսողը քաղաքացի է համարել եւ համարում միայն նրանց, ովքեր իրեն են ձայն տալիս, իսկ իրեն ձայն չտվողները նախկինների սպասարկուներ են, իրեն քննադատողները Բաքվի գործակալներ, սեւ են եւ այլն… Չթվարկեմ բոլոր հայտնի ածականները…
Եվ հիմա ես, իսկապես, որոշակի վախով եմ հետեւում այն հիստերիկ բղավոցներին, որ արձակում է պաշտոնապես արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարը։ Որովհետեւ, երբ ասում է, թե հարգելու է քաղաքացու ցանկացած որոշում, էլի նկատի ունի իրեն ընտրող քաղաքացիներին միայն։ Չե՞ք հավատում, որ դա նկատի ունի։ Ահա մի մեջբերում.
«Կադրային ջարդուփշուր է լինելու, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ երեք տարի գործել են ժողովրդի դեմ։ Բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների…»:
Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքացիական բախումների կոչ։ Սա ի՞նչ է, եթե ոչ բոլշեւիկյան մտածողությամբ «ժողովրդի թշնամիների» փնտրտուք։ Այսինքն՝ եթե ինձ հետ չեք, ժողովուրդը (իսկ «ժողովուրդ» միայն իր կողմնակիցներն են) բոլորին իրենց տեղերում կնստեցնի։ Այսինքն՝ ժողովրդի թշնամի եք։ Շարունակությունը մեզ լավ հայտնի է ԽՍՀՄ պատմությունից։
Ընդ որում, մարդը օգտագործում է վենդետա անելու կոչը՝ չխորանալով դրա իմաստի մեջ։ Վենդետան արյան վրեժն է՝ սպանվածի փոխարեն նրան սպանողի ընտանիքից հատուցում ստանալը՝ մեկ ուրիշին սպանելով։ Ո՞ւմ թափված արյան վրեժն է ուզում առնել սույն հիստերիայի հեղինակը։ Եվ ումի՞ց։
Եթե թափված անմեղ արյուն կա, ապա դա այն մոտ 4000 ջահելներինն է, որ զոհվեցին վերջին պատերազմում։ Բայց նրանց թափված արյունը ո՞ւմ խղճին է, եւ ումի՞ց պետք է պահանջել հատուցում։
Հ. Գ. Չասեք, թե Քոչարյանը, Սերժը եւ մյուսներն էլ մի բան չեն։ Համարյա նույն բառապաշարն են օգտագործում։ Գիտեմ։ Բայց մյուսներն իրենց կից ու իրենց ենթարկվող ոստիկանություն ու բանակ չունեն, որ ընդդիմախոսներին նետեն բանտերը։ Իսկ նա ունի։ Եվ նրա՝ գնալով ահագնացող հիստերիան միայն մի բանի մասին է վկայում։ Նա չի ընդունելու իր անխուսափելի պարտությունը եւ դա չընդունելու համար անելու է ամեն բան։ Տա Աստված՝ ես սխալվողը լինեմ եւ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ հանձնի իշխանությունն առանց բախումների, ներողություն խնդրեմ իր մասին վատ արտահայտվելու համար։
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ