Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի պլանից «թռնելու» հետեւանքները

Հունիս 11,2021 10:00

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որտեղ Փաշինյանը խոսում է Արցախյան խնդրի մասին իր պատկերացումների մասին, իսկապես սենսացիա չէր՝ մանավանդ նրանց համար, ովքեր սպասում էին անձնական բնույթի ինչ-որ  սկանդալային բացահայտումների: Աստված մի արասցե, որ ընտրական պրոցեսի մասնակիցներից որեւէ մեկը սկսի մտնել իր մրցակցի անձնական կյանքի մեջ: Ես գտնում եմ, որ ներքաղաքական բանավեճում անգամ Աշոտ Փաշինյանի անունը տալն էր սխալ՝ նա մասնավոր անձ է եւ պետք է հնարավորություն ունենա ապրելու իր մասնավոր կյանքով:

Ինձ համար սենսացիա չէր, որ Հայաստանի համար այս ճակատագրական հարցի մասին վարչապետը խոսում էր չափազանց, մեղմ ասենք, կենցաղային լեզվով՝ այդպիսիք են իրականության նրա ընկալումները: Ձայնագրությունը պարզապես եւս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը, «իրեն գժի տեղ դնելով», «թռել էր» Լավրովի պլանից, որը, հիշեցնեմ, ենթադրում էր 5, իսկ այնուհետեւ 2 շրջանների վերադարձ եւ Արցախի կարգավիճակի խնդրի՝ անորոշ ժամանակով հետաձգում:

Արդյոք Հայաստանի հասարակության (էլ չեմ ասում՝ սփյուռքահայության) մեծամասնության համար ընդունելի՞ կլիներ, եթե վարչապետն այդ առաջարկն ընդուներ: Ինձ թվում է՝ ոչ: Անձամբ ես էլ դրա վերաբերյալ մեծ կասկածներ կունենայի: Բայց երկրի ղեկավարը (որն ուներ բնակչության ճնշող մեծամասնության վստահությունը) պետք է ավելի հեռուն տեսներ, քան մենք՝ շարքային քաղաքացիներս, եւ իր մտքում ունենար այն սցենարը, որին մենք, ցավոք սրտի, հանգեցինք:

Կարծում եմ, հիմա ոչ ոք չի կասկածում, որ այսօր վիճակը հարյուրապատիկ ավելի վատն է, քան այն, որը կարող էր լինել Լավրովի պլանն ընդունելուց հետո: Կամ, եթե վարչապետը մեր տխուր ապագան չէր տեսնում, գոնե վարվեր Սերժ Սարգսյանի նման՝ շարունակելով քննարկել այդ ծրագիրը, ինչն, իհարկե, վտանգավոր էր եւ հանգեցրել էր 2016-ի ապրիլյան պատերազմի: Եթե Ռուսաստանը չուզեր, չէր լինի այդ պատերազմը:

Առանց Ռուսաստանի ցանկության՝ չէր սկսվի նաեւ 2020 թվականի պատերազմը: Փաշինյանին թվում էր, թե ինքն այնքան «դուխով» է, որ կարող է «թռնի» կամ, եթե իր ոճով արտահայտվենք, «պասլատ անի» Լավրովին, այսինքն՝ Ռուսաստանին: Ահա ձեզ այս ահավոր պատերազմի եւ նվաստացուցիչ պարտության հիմնական պատճառներից մեկը:

Ինձ թվում է, Սերժ Սարգսյանի՝ ձայնագրությունը հրապարակելու դրդապատճառը «սենսացիա» անելու մեջ չէր: Ենթադրում եմ, որ այդ քայլն ուղղված էր ոչ այնքան ներքին սպառողին, որքան արտաքին լսարանին՝ Փաշինյանի «մաչոիզմի» փաստը հիշեցնելու համար: Պատահական չէ, որ ներկայիս իշխանության կողմնակիցները ձայնագրությունն ակտիվորեն չեն քննարկում: Գոնե այդքան խելքները կտրում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քանի որ մենք այսօր հայտնվել ենք նույն վիճակում, ինչ Վիլսոնի ժամանակներում էինք, կարծում եմ ժամանակն է դիմել Վիլսոնի այսօրվա իրավահաջորդին իրագործել Վիլսոնի ստորագրած եւ համաշխարհային հանրությամբ հաստատված որոշումը: Դրան նրանք կգնան միայն մի դեպքում, երբ նրանց համար ակնհայտ կլինի, որ մենք ազգովին մի շունչ մի մարմին ենք եւ մեզնից ավելի կազմակերպված ու միասնական ազգ աշխարհում չկա:

  2. Հ.Շ. says:

    Ժողովրդական համակրանք չվայելող Քոչարյան մը, յօժար էր՝ Քի Ուէսթի համաձայնագիրը ստորագրելու: Նոյնպէս չսիրուած Սարգսյան մը, յատկապէս ի դէմ՝ աւանդական Սփիւռքին, հայ-թրքական հաշտութեան նախաբանը ստորագրեց:

    Պաշտուած Փաշինյան մը, եթէ ուզէր եւ նշոյլ մը խելք ունենար, կրնար որեւէ համաձայնագիր ստորագրել, Արցախի կապակցութեամբ: Փոխանակ ամէն բան խորտակելու, եւ համայն Հայութիւնը նետելու այս անյատակ Անդունդին մէջ:

    Այս վարչակարգի մեկնումը բնաւ մխիթարանք չի կրնար հանդիսանալ, տեղի ունեցած Աղէտի առնչութեամբ: Եւ որեւէ երկրային պատիժ բաւարար չի լինելու, այսպիսի արարածների համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930