Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ. Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական հռետորաբանությունը առանձնակի բարձր մակարդակի է

Հունիս 11,2021 00:41

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԺՀՄԻԳ ԸԴԱ) Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել։

Զեկույցում ընդգծված է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները ընդունվել են արտահերթ ընտրությունների նշանակումից անմիջապես առաջ. «ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ տեսակետ են հայտնել, որ այդ փոփոխությունների ուշ ընդունումը ավելի քիչ ժամանակ է թողնում գալիք ընտրությունները կազմակերպելու համար․ փոփոխությունների արդյունքում ԿԸՀ-ն մեկ ամիս ժամանակ է ունեցել իր բոլո համապատասխան կանոնակարգերը փոփոխված Ընտրական օրենսգրքին համապատասխանեցնելու համար»։

Զեկույցում անդրադարձ է կատարվում լրատվամիջոցների աշխատանքին։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելիությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել: 

«Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական»,- նշվում է զեկույցում։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ. «Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության տարածմանը»։ 

Ինչ վերաբերում է քարոզարշավի միջավայրին, զեկույցում նշված է, որ նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը. «Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»։ 

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի ոչ մի զրուցակից դեռևս անհանգստություն չի հայտնել նախընտրական բողոքների և դիմումների քննման ժամկետների առնչությամբ. «Միևնույն ժամանակ, որոշ զրուցակիցներ նշել են, որ ընտրությունների արդյունքների հաստատման յոթնօրյա ժամկետն ազդում է հետընտրական վեճերի լուծման վերջնաժամկետների վրա, քանի որ արդյունքների հետ կապված բոլոր բողոքներն ու դիմումները պետք է քննվեն այդ ժամկետում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930