Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի սահմանների այդ քարտեզների օրինակներն առկա են միայն Մոսկվայում եւ Թբիլիսիում

Հունիս 11,2021 14:30

Հայաստանի սահմանների այդ քարտեզների օրինակներն առկա են միայն Մոսկվայում եւ Թբիլիսիում

Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պրն Փաշինյան, այս օրերին հրատապ հարց է քննարկվում Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, որոնք ըստ ներկա վիճակի այն սահմաններն են, որոնք գծվել են Խորհրդային միության օրոք, եւ 1929թ. ու 1969թ. պաշտոնապես վավերացվել Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների կողմից:

Ադրբեջանին տրված տարածքները նշված են կապույտով

Սակայն պետք է նշել, որ նույնիսկ 1921թ., Ստալինի որոշումից հետո, որով Լեռնային Ղարաբաղը, Քարվաճառը, Քաշաթաղը եւ Արեւելյան Սյունիքը Ադրբեջանին հանձնվեցին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, որ ներկայում են:
1923-1929 թթ. Մոսկվայի հրամանով եւ Անդրկովկասյան Դաշնության կարգադրությամբ, առանց հետեւելու օրենքին եւ հարգելու տեղաբնակ գյուղացի բնակիչների մարդկային իրավունքները, նրանց հողամասերից, անտառներից ու արոտավայրերից հարյուրավոր քառ. կիլոմետրեր հանձնվեցին Ադրբեջանին, ուր, իբր, պետք է ստեղծվեր Կարմիր Քրդստան գավառը: Չմոռանանք, որ 1930թ. Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը չեղարկվեց, սակայն դրան հատկացվելիք հայկական հողային տարածքները` անհայտ պատճառներով, մնացին Ադրբեջանին:

Տարածքներն Ադրբեջանին հանձնող եւ ապագայում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ ստեղծողները բացահայտ նպատակ են ունեցել Հայաստանի կապը դեպի հարեւան երկրներ տեղադրել Ադրբեջանի տարածքով անցնող մայրուղիներով, այսպիսով դրանց հսկողությունը ուղղակի հանձնելով Ադրբեջանին: Հենց այս նպատակով, անկլավները տեղադրված են Հայաստանին Վրաստան եւ Իրան կապող ճանապարհների վրա, որոնք անցնում են անկլավների միջով, իսկ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը, ինպես նաեւ Տավուշի շրջանում Իջեւանից Ոսկեպար եւ Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհը երկու անգամ հատում են սահմանը եւ անցնում Ադրբեջանի տարածքով, ապա վերադառնում Հայաստան: Ադրբեջանական այն տարածքները, որոնցով հատում-անցնում են Հայաստանի մայրուղիներն, ընդհանրապես անմարդաբնակ են ու հիմնականում ոչ պիտանի, որը անգամ եւս փաստում է դրանց բուն նպատակը՝ հսկողության տակ ունենալ Հայաստանի մայրուղիները:

Սովետական Մեծ Հանրագիտարանի 1926թ. Առաջին հատորում հրատարակած Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանր. 1927թ. մարդահամարին կից քարտեզներում, որոք կցված են նամակիս, Խորհրդային Հայաստանի արեւելյան եւ հյուսիսային սահմանները նույնը չեն, ինչ որ ընդունված են այսօր: Դրանց մեջ Ադրբեջանին «նվիրված» հողամասերը, ներառյալ Արծվաշենը, Ալ Լճերը, Շուռնուխի արեւելյան շրջանը եւ Կապանի օդանավակայանի մոտակայքը Հայաստանի տարածքում են գտնվում: 1927թ. քարտեզի վրա այս տարածքները նշված են կապույտ գույնով: Ուշադրության արժանի է այն, որ այդ օրերին Հայաստանին ու Արցախին բաժանողը միայն Հակարի (Աղավնու) գետն էր: Իսկ անկլավներն ընդհանրապես չկային:

Սակայն այս քարտեզները կարող են համարվել «ոչ պաշտոնական», քանի որ երկուստեք վավերացված չեն: Այստեղ առկա է մի կարեւորագույն նրբություն: Դեռեւս 1922-23 թթ. Խորհրդային միությունը հրատարակել է մանրակրկիտ զինվորական քարտեզներ, որոնք ցուցադրում են ժամանակին ընդունված սահմանները եւ դրանցից բացակայում են Ադրբեջանին «նվիրված» տարածքները: Սակայն Հայաստանի սահմանների այս քարտեզների օրինակները չեն տրվել Հայաստանի իշխանություններին: Դրանք առկա են միայն Մոսկվայում եւ Թբիլիսիում: Ըստ ինձ հասած տեղեկությունների, այս քարտեզներից Հայաստանի համար օրինակներ խնդրելը մինչ այժմ չի ընդառաջվել:
Իսկ ինչո՞ւ: Չէ՞ որ դրանք մեր երկրի սահմանների քարտեզներն են:

Առանց ունենալու Հայաստանի Խորհրդային Հանրապետության այս հին քարտեզների օրինակները, Հայաստանի մասնագետներին հնարավոր չէ սահմանների վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելը, ուստի պետք է ամենաբարձր մակարդակով եւ ամեն ճիգ ու միջոց օգտագործել դրանց օրինակները ձեռք բերելու համար:

Ռուբեն ԳԱԼՉՅԱՆ

Քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ
Պատվո Դոկտոր

Հունիս 7, 2021 թ., Երեւան

«Առավոտ» օրաթերթ
10.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոռ Արմենյան says:

    Մեծ հայրենասեր ու պրոֆեսիոնալ Ռուբեն Գալչյանն առաջին անգամ չէ, որ կոչ է անում կառավարությանը ամենայն խստությամբ և կարևորությամբ վերաբերվել խնդրին, բայց ասողին լսող է պետք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930