Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ այսօր ում ընտրել հարցն են տալիս

Հունիս 11,2021 14:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավ ընտրությունները ընտրվողից չափից դուրս մեծ ծախսեր է պահանջում, հատկապես, եթե նա ընտրյալի ժառանգական համապատասխան արժանիքներ չունի: Ընտրողների մոտ նա ընկալվում է ե՛ւ իր դիմագծով, ե՛ւ շարժուձեւով, ե՛ւ խոսքով, ե՛ւ հոգու ջերմությամբ, ե՛ւ բնածին այլ կարողություններով: Ծախսերն անհրաժեշտ են միայն այդ որակների բացակայության ժամանակ դրանց նմանակումները ձեռք բերելու համար: Դա անվավեր օրենք է: Հասարակության յուրաքանչյուր կա՛մ հոգեւոր, կա՛մ գիտակցական, կա՛մ ֆինանսական, կա՛մ զգայական մասնիկի մեջ համոզում է պետք մտցնել, որ իր ընտրյալը երբեք իրեն ինքնահոսի չի մատնի: Նա պետք է ստանա տարիների ընթացքում կուտակված իր աշխատանքի ինչ-որ չափով իրեն բավարարող գնահատական եւ գալիք տարիների համար երաշխիք։ Սպասվող եւ հիմա արտահերթ կոչվող ընտրական զավեշտախաղը, որը նորից ընթանալու է ժամանակակից նենգադավերի ուղեկցությամբ, ժողովրդի մի ստվար մասի անսանձ արհամարհանքի տածումն է սեփական ազգի հանդեպ: Արդեն երեւակվել է այն ամենը՝ ինչը ծանծաղ է, ինչը միջակ է ու սնափառ: Հնարավորությունների լայն կիրառման պայմաններում ընտրյալներ կարող են դառնալ ստահակներն էլ, վիժվածքներն էլ: Իսկ ընտրությունների վրա ակնհայտ այլադավ ազդեցություններից հետո արդարության մասին խոսելը ծիծաղելի կլինի: Ազնվագույն մարդիկ խաղի կանոնների համաձայն մնալու են գործընթացից դուրս եւ ընտրման ներկա ընթացակարգերին նայելու են միայն կողքից: Եթե հայ ազգայնականությունն իր մեջ ուժ չգտնի վերականգնելու բնության մեջ գործող բնական ընտրության մեթոդիկան, եւ դրանով չառաջնորդի ժողովրդին՝ հազիվ թե այսուհետեւ պահպանի իր ժառանգական լավագույն որակները: Նորից որքա՛ն արդիական են դարձել Ջիվանու խոսքերը.
«Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած»:

Շատերը երբեք չեն հասկանում ազգայնականի շրջահայացության իրական պատճառը. երբ չի գործում ո՛չ մի ընտրակաշառք, ո՛չ մի ընտրափորձ, ո՛չ մի բանաձեւ, այլ կա մեկ նպատակամղվածություն՝ ինչով հնարավոր է ապահովել ընտրությունների ճիշտ գործողություն եւ ընտրյալի հանդեպ ունեցած իրական վստահություն։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Կինոյում եւ հեռուստատեսությունում օգտագործվում է տեխնիկական մի հնարք (անգ. chroma key-բառացի թարգմանությամբ` «գունավոր բանալի»), երբ երկու կամ ավելի պատկերներ համատեղում են մեկի մեջ: Նկարահանման ժամանակ օգտագործում են գունավոր էկրան եւ օբյեկտը գտնվում է այդ միատոն գունային ֆոնի վրա, ինչը թույլ է տալիս մոնտաժի ժամանակ օբյեկտին տեղադրել ֆոնային այլ պատկերի վրա: Ճիշտ նույն կերպ` նախընտրական քարոզչության ժամանակ կոնկրետ օբյեկտին՝ անհատին կամ կուսակցությանը ընտրելու համար, օգտագործում են մի քանի գունային ֆոներով իրենց կողմից նշանակված այլ թեկնածու անհատներ կամ կուսակցություններ։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱԶՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավորը միջակի տարատեսակ է, որ հայտնվելով բարենպաստ պայմաններում, թվում է ուժեղ: ԱԺ պատգամավոր դառնալուց նրա ունեցվածքի պոչն անգամ չի պակասում, դեռ ավելին, այն որոշակիորեն օրինական պաշտպանվածության գոյաձեւ է ստանում: Նրա առաքինությունները հուսահատեցուցիչ են, որովհետեւ պետք է անընդհատ ու տարբեր կերպ ճնշի հասարակության կասկածներն իր անպատվությունը ծածկելու համար: Սա արդեն այլասերման տանող ոչ բնականոն դարձած վիճակ է: Ինչը որ լավ է՝ չի անում, իսկ եթե անում է՝ ապա կամ թաքուն, զգուշությամբ կամ ցուցադրական, շահադիտական, որպեսզի իր նմանների կողմից շարունակի մնալ ընդունելի: Նրա նվիրումը գաղափարին, Հայրենիքին, մեծ նպատակին՝ ԱԺ-ի բնույթին անհամատեղելի թյուրիմացություններ են դիտվում: ԱԺ-ն անհրաժեշտաբար այլասերում է նրան մինչեւ ողնուծուծը, մինչեւ որ վերջնականապես զրկի հասարակության հավանությունից: Նրա ապականությունների տարածմանն ականատես լինելու պատճառով նա հասարակությանն այլեւս իրեն հավասար, բարերար կամ իր համար օգտակար չի համարում: Նրա բնավորությունը, խառնվածքը, մտքերը, արարքները ինչով երբեւիցե նախկինում ապրել է՝ լինի նշանավոր արտիստ, գիտնական, առեւտրական, իրավաբան կամ «գոծարար»՝ դառնում են դժգույն: Ժամանակը կգա եւ նրան նույնպես կգամեն անարգանքի սյունին, կհամարեն արդեն ստորակարգ, որովհետեւ իր մարդ տեսակին նա ստիպված վիհն է հրել, բաժանվել սովորական պատվի մեջ ապրողից, վեհության ձգտողից: Ահա այդպիսին եմ ճանաչել պատգամավորին մինչեւ հիմա եւ բացատրում եմ այդ բացառիկների կազմաբանությունը նորից, որ կողմնորոշվեն նույն նրանց ընտրել կամ չընտրելու զավեշտանքի նախաշեմի երկընտրանքի մեջ:

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԼԻՆԻ ՀԱՍԿԱՆԱԼԻ, ՊԵՏՔ Է, ՈՐ ԱՅՆ ԴԱՌՆԱ ՀՍՏԱԿ

Ինչն աներեւակայելի է ֆանտաստիկայի ոլորտից, հնարավոր է քաղաքականության մեջ, սակայն պետք է սթափ երեւակայություն, որպեսզի նկատվի, թե ովքեր են քաղաքական սցենարի տարբեր հատվածներում շահում, իսկ հատկապես ովքեր են ամենաշատն օգտվում արդյունքում։
Հայությունն անընդհատ տուժել է ու դեռ կշարունակի տուժել միամիտ երեւակայոթյան առատությունից ու սթափ վերլուծության պակասից, իսկ այժմ տուժում է նաեւ այն պատճառով, որ իր ազգային նպատակը նույնիսկ իր համար դեռ չի հստակեցրել։

Վերջին մի քանի ամսվա դեպքերից հետո ակնհայտ դարձավ, թե նա մեն-մենակ ինչպիսի վտանգի առաջ է կանգնած։ Արցախը հանձնվեց, սակայն Հայաստանի վերջնական կործանման վտանգը այդպես էլ չվերացավ: Այն կանխելու համար այժմ անհրաժեշտ է ոչ թե ուժերը լրիվ ջլատել թվացյալ «դեմոկրատական» նոր ընտրությունների միջոցով լավ կամ վատ իշխանություններ առաջադրելու մեջ, այլ՝ անցյալում գործած էական սխալները բացահայտելով ետ կանգնել դրանք կրկնելուց։ Միայն հայ ազգի մտքի եւ սրտից բխող նպատակները համատեղելու շնորհիվ է հնարավոր միավորել բոլոր ազգային եւ դեռ չկողմնորոշվող, բայց կենսունակ ուժերը մեկ նպատակի շուրջ: Նպատակի հստակեցման դեպքում է, որ ընտրությունների հարցն արդեն կդառնա երկրորդական եւ կընթանա ոչ թե «չարյաց փոքրագույնի», այլ՝ լավագույնի բնական ընտրության եղանակով: Ապագայում, որպես ազգ մեր գոյությունը շարունակելու համար անխուսափելիորեն պետք է առաջ շարժվենք մոտ երկհազարամյա մեր պարտություններից դասեր քաղած եւ վերադաստիարակված մեր փառահեղ անցյալի բնապաշտական աշխարհընկալման իմացությամբ։ Ընդունենք, որ մեր ապագայի համար այդ վերադաստիարակությամբ ոգեշնչվելն ավելի բուժիչ բալասան կդառնա, քան ամենատարբեր, իրար հակասող, շիլաշփոթ գաղափարախոսություններով ու կրոնական վարդապետություններով հանդերձավորված, ինքն իրեն ժողովրդավարություն հռչակած դեմոկրատական դիկտատուրան։ Եվ զարմանալի չէ, որ հենց այդ նորաոճ դեմոկրատիայի հրապույրներով ախտահարված մեր ազգ-օրգանիզմի համար անգամ ազգային միացյալ նպատակ հանդիսացող ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր միաձույլ ջանքերը տառապյալ զոհի լալահառաչ դիվանագիտությունից այն կողմ չի ձգում։ Երբ Հայի բազմամյա երազանքը լիովին հավակնություն ունենա վսեմի ըմբռնման, ապա ոչ թե փառահեղ անցյալի հուշը, այլ վերածննդի ձգտումը կդառնա նրա գալիք հաջողությունների երաշխիքը։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Ազգայնականի համար նույնքան անընդունելի են ե՛ւ նախկին մակաբույծ իշխանությունները, ե՛ւ նախկինում ընդդիմություն խաղացող, իսկ ներկայում ինքն իրեն հեղափոխական հայտարարած իշխանությունը: Նրանք, որպես դեմոկրատիայի տեղայնացված տարատեսակներ, միայն արտաքնապես է, որ իրար գործընկեր չեն: Ազգայնականի հարցում նրանց շահերը համընկնում են, եւ գումարելով իրենց հնարավորությունները, նրանք ազգայնականի դեմ պայքարում միասնական են՝ ղեկավարվելով նույն կենտրոնից: Նրանց համար ազգայնականն ըստ էության այլ հավատի ու գաղափարի է, այդ պատճառով է, որ դեմոկրատիա անմեղ անվան տակ ծպտված ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության բիրտ ուժերի համար ազգայնականն անհանդուրժելի է:

Կա՛մ ազգայնականը, կա՛մ դեմոկրատը, կա՛մ ազնիվը, կա՛մ խաբեբան. այլ ընտրանք կամ այլ համատեղություն անհնար է: Եվ որպեսզի խեղդվեն ազգայնականի ճիչերը, «Ե՛ս եմ հիմա իշխողը, չկա ինձնից բացի այլ քաղաքականություն»,-այսքան լկտի է իրեն պահում դեմոկրատիան ամենուր՝ ե՛ւ իշխանական ամբիոններից, ե՛ւ ընդդիմությանը «տրամադրված» հարթակներից: Դեմոկրատիան արդեն ձեռնադրվել է շոուի վերածված դիկտատուրայի, նրա անթաքույց բովանդակությանը պարտադրված է ազատության իմիտացիայի մի վարակատեսակ, որի դրսեւորման առաջին ախտանշաններին հետեւում է ազգային օրգանիզմի լուծարման գործընթաց։ Ահա թե ինչի համար են ձեռք ձեռքի բռնած իշխանություն-ընդդիմություն համաձայնությունը պայքարում իրական ազգայինի դեմ։ Ով սնահավատ չէ, բայց հավատացել է գերագույնին ու հանկարծ հասկացել, որ նա միշտ խաբել է, ապա նախկինների եւ ժամանակակիցների միջեւ տարբերությունները չի կարող լավագույնս ընկալել, եթե իր մեջ պակասում է թե՛ նրանց ամբողջական նմանությունները նկատելու ակամա միամտությունը, թե՛ այդ մասին խելացի արտահայտվելու անվախությունը։ Կյանքն իր աննշան չթողնելու համար նա անհրաժեշտաբար պետք է ապահովի մտածողության առաջընթացը, միանգամից հետեւելով նրանց, ում նույն պայմաններում հնարավոր չի եղել խաբել։ Պարտությունը սթափության լավագույն դաստիարակն է, իսկ չհուսահատվելու համար հարկ է հետագա կյանքն ապրել մեզ Հաղթանակ արարող պայքարի ձգտումով։ Ինչպես առագաստն ու խարիսխը նավին, այնպես էլ երազանքն ու իրատեսությունն են հատկապես այժմ անհրաժեշտ մեր ազգին։ Եվ ովքեր դեռ հետամուտ են հաղթանակի՝ նրանք կբարձրացնեն խարիսխն Այգաբացից առաջ եւ կպարզեն առագաստն Արեւի բարեբեր քամու առջեւ, որպեսզի շարժվի ժողովուրդն ազգայնականի ետեւից եւ արարումների ծովում իրականություն դարձնի հայի ազգային բաղձալի նպատակը՝ որն ավելի հստակ կարտահայտեի հետեւյալ կերպ. ՀԱՅԱՀԱՎԱՔ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԱՀԱՎԱՔՈՎ։

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930