Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանոնահարների «Ռենեսանս» անսամբլը 4 միջազգային մրցույթում առաջին կարգի դիպլոմ է շահել

Հունիս 11,2021 13:30

«Առավոտը» հյուրընկալել էր Արարատի մարզի Շահումյանի արվեստի դպրոցի քանոնի դասատու, քանոնահարների անսամբլի ղեկավար Արմինե Բոչոլյանին։ Առիթը արտասահմանյան երկրներում կայացած մրցույթ-փառատոներում անսամբլի շահած բացառապես առաջին մրցանակներն էին։

Անվանի ֆոլկլորագետ, պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանը ժամանակին քանիցս հակադարձել է ադրբեջանական այն կեղծիքին, թե իբր քանոնն իրենց ժողովրդական գործիքներից է։

Տիկին Բրուտյանը մասնավորապես նշել էր. «Միջագետքում դեռեւս Շումմերական պետության ժամանակաշրջանում ծագում է լարային-հարվածային սանթուր նվագարանը, որը շուտով տարածվում է Իրանում, Հայաստանում, Ասորիքում եւ հասնում մինչեւ Միջին Արեւելք, անցնում է զարգացման եւ կատարելագործման տարբեր ուղիներ՝ հիմք դնելով նվագարանի տարատեսակների ստեղծմանը։ Այդպիսի նվագարաններից մեկն էլ քանոնն է։ Նվագարանի տարատեսակները լայնորեն գործածվում են Հայաստանում եւ Բալկանյան երկրներում։ Որպես հիմնական տարատեսակներ տարբերակվում են արաբական քանոնը, պարսկական գանունը եւ հայկական քանոնը։ Ներկայիս Ադրբեջանի տարածքում եւս քանոնը լայն տարածում ուներ, որտեղ միջնադարում հաստատված թյուրքական ցեղերը ժամանակի ընթացքում յուրացրին այն նվագելու հմտությունները ու ներառեցին իրենց կամաց-կամաց ձեւավորվող մշակույթի մեջ։ Սակայն ավելի ուշ շրջանում քանոնն Ադրբեջանի տարածքում կարծես մոռացության է մատնվում եւ մինչեւ 20-րդ դարի վերջերը քանոնը հազվադեպ էր գործածվում ադրբեջանական երաժշտության մեջ։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում նվագարանը Հայաստանում շարունակում էր լայնորեն կիրառվել։ Մատենադարանում պահպանվում է 1704թ. Կեսարիայում գրված Սաղմոսագիրքը, որի կազմին պատկերված է քանոնատիպ նվագարան։ 15-16-րդ դարերի հայկական տապանաքարերի վրա հանդիպում ենք հնագույն նվագարանների քանդակներ,այդ թվում՝ քանոն, օրինակ՝ Մարտունու շրջանի Գեղահովիտ եւ Սիսիանի Անգեղակոթ գյուղերի միջնադարյան գերեզմանոցներում… Քանոնի մասին հիշատակումները պատկանում են Խորենացուն, Բուզանդին, Երզնկացուն, Սյունեցուն, Ղրիմեցուն, Նարեկացուն եւ այլն»։

Արմինե Բոչոլյանը՝ քանոնահարների «Ռենեսանս» անսամբլի հետ։

Մենք էլ հավելենք, որ հենց քանոնով է ստեղծագործել աշուղ Շահենը եւ մեր մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Լայն լսարանին հայտնի են ճանաչված քանոնահաներ Անժելա Աթաբեկյանը, Հասմիկ Լեյլոյանը, Ալվարդ Միրզոյանը, Ծովինար Հովհաննիսյանը… այս շարքը կարելի է երկար թվարկել։ Ընդ որում, հայ քանոնահարուհիները բազմիցս հանդես են եկել արտասահմանյան երկրներում, մասնակցել նաեւ տարբեր ձեւաչափերով կայացած մրցույթների։

Արմինե Բոչոլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շահումյան գյուղի 25-ամյա արվեստի դպրոցի (տնօրեն՝ Քրիստինե Հարությունյան) որոշ շրջանավարտներ ճանաչված անուններ են, օրինակ՝ Ռուսաստանում գործունեություն ծավալած սոպրանո Նելլի Գրիգորյանը, նկարչուհի Հռիփսիմե Թոխունցը, քանոնահարուհիներ Աստղիկ Իգիթյանը, Վարդուհի Լալայանը, Գայանե Հունանյանը եւ այլն։ Տիկին Բոչոլյանը մանկավարժական գործունեությունը սկսել է 1996 թվականից, Արտաշատի երաժշտական դպրոցում, 2010-ին տեղափոխվել Շահումյանի արվեստի դպրոց։ «Քանոնահարների «Ռենեսանս» անսամբլում 15-16 տարեկան իմ յոթ սաներն են՝ Գայանե Գրիգորյանը, Մարիա Աբրահամյանը, Լուսինե Հունանյանը, Լուիզա Ջամալյանը, Սյուզաննա Կիրակոսյանը, Մոնիկա Կարապետյանը եւ Լուսինե Զիրոյանը, որը շուրջ երկու տարվա պատմություն ունի։ Համավարակի բուռն շրջանում, բնական է, չէինք կարող փորձեր անցկացնել։

Պատերազմից հետո պահպանելով համավարակի կանոնները, վերսկսեցինք պարապմունքները դպրոցում։ Ամանորի շեմին՝ դեկտեմբերի 27-ին, մասնակցեցինք հայաստանյան «Art Music» մրցույթ-փառատոնին, զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Իսկ հետո արդեն սկսվեց օնլայն ձեւաչափով մրցույթ-փառատոների հրավերների տարափ արտասահմանից։ Առաջինը փետրվարին էր՝ Իտալիայի Ռիչչոնե քաղաքից (Futurs Star)։ Յոթ երկրից հրավիրված ժյուրիի անդամների եւ հեռուստահանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում արժանացանք առաջին կարգի դիպլոմի եւ դափնեկրի կոչման»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։ Նա շարունակեց թվարկել արտասահմանյան այն մրցույթ-փառատոները, որոնց օնլայն ձեւաչափով մասնակցել են եւ արժանացել առաջին կարգի դիպլոմի եւ դափնեկրի կոչման. Ուկրաինայի մայրաքաղաքում «Magic Birthday of Arts», Իսպանիայի Բարսելոնա քաղաքում «Painps of the Spanish Sun», դարձյալ Իսպանիայում՝ «Talents of Europe»։ Տիկին Բոչոլյանը հատուկ նշեց վերջին մրցույթից հետո ժյուրիի անդամ, Գնեսինների ակադեմիայի պրոֆեսոր Բրաշնիկովայի՝ իրենց հղած տեսաուղերձը, որտեղ պրոֆեսորը գովեստի եւ հիացմունքի խոսքեր է ուղղել քանոնահարների «Ռենեսանս» անսամբլի հասցեին։

Դիտարկմանը, թե արտասահմանյան նման միջոցառումներին մասնակցությունը անվճար չէ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ աջակցել է իրենց համագյուղացի բարերար Վիլիկո Կարապետյանը։ Հավելեց նաեւ, թե քանոնահարների անսամբլը նախկինում էլ է ստացել արտասահմանյան մրցույթների մասնակցելու հրավերներ, սակայն աջակցության բացակայության պատճառով չեն կարողացել մասնակցել։

Այսօր քանոնահարների նվագացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական մեղեդիներից եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից մինչեւ քանոնի համար հատուկ փոխադրած համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներ, հայտնի ու սիրված ստեղծագործություններ։ Հետաքրքրվեցինք՝ մրցույթներին ի՞նչ երկերով են հանդես եկել։ «Մեր անվանի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100 եւ Խաչատուր Ավետիսյանի 95-ամյա հոբելյաններն են նշվում այս տարի, հետեւաբար որոշեցինք ներկայացնել նրանց ստեղծագործություններից»,- ասաց տիկին Բոչոլյանը։

Զրույցի ընթացքում մեր հյուրը խոսելով իր ղեկավարած անսամբլի եւ ընդհանրապես Շահումյանի արվեստի դպրոցի սաների հաջողությունների մասին, մի մտահոգություն հայտնեց`քիչ է խոսվում, ներկայացվում, լուսաբանվում գյուղական, մարզային մշակութային կյանքը, բացի այդ, մշակույթը միայն Երեւանում չէ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930