Արման Պետրոսյանը ծնունդով Արմավիրի մարզի Նորակերտ համայնքից է: Նախնական ուսումը ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում: Պարտադիր զինծառայությունն անցկացրել է Արցախում՝ 2010-2012թթ.:
2012 թ. օգոստոսի 29-ին՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հաջորդ օրը, Արմանը խոցել է հակառակորդի ենթասպային, որի համար պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալի։
Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում, արժանացել Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, իսկ ՀՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայության» մեդալի։
Բայց այս մեդալները չեն, որ ձեւավորում կամ ներկայացնում են Արմանին որպես հայ մարտիկ, հայրենիքի զինվոր։ «Արմանի հետ ծանոթացել եմ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի առաջին օրը: Նա իր բնավորության ու մարդամոտության հաշվին դարձավ մեր թիմից մեկը, որը, որպես կանոն, ոչ թե կարելի է թիմ անվանել, այլ մի մեծ ընտանիք: Արմանը մեր հորդորների շնորհիվ որոշեց մտնել բանակում ծառայության»,-ասել է «Քեռու ջոկատի» հրամանատար Հայկ Մանուկյանը` նույն ինքը` քեռին։
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմն սկսվելուն պես քննարկման ենթակա չէր Արմանի համար, որ ինքը պետք է առաջինների շարքում լիներ: Վաշտը մեկնեց Եղնիկներ, որտեղ որոշ հատվածների պաշտպանություն վստահվել էր հենց իրենց:
«Արմանը դրսեւորեց սառնասրտություն, հայ մարտիկին բնորոշ հանգիստ, բայց վճռական վարքագիծ, առանց խառնվելու ի ցույց դրեց իր մարդկային ու ռազմական որակները: Արմանն այն տղաներից մեկն է, որի վրա ես որպես հրամանատար կարողանում էի ողջ պատերազմի ժամանակ հույս դնել»,-մեզ հետ զրույցում նշեց Հայկ Մանուկյանը։ Հրամանատարի խոսքով՝ Արմանը պատերազմի ամենալուրջ պահերին էլ հնարավորություն ունեցավ իրեն լավագույնս դրսեւորելու: Եղնիկներից երբ տեղափոխվեցին Շուշիի մերձակայք՝ Քարին տակ-Սղնախ բնագիծ, որտեղ առանց Արմանի ստորաբաժանման գոյությունը չէր պատկերացնում հրամանատարը: «Նա խնդիրներ չէր ունենում, որովհետեւ ամեն ինչ անում էր հոգով, ուժով, էությամբ…»,- փաստում է զրուցակիցս։
Երբ Արմանի հետ զրուցում եմ եւ հարցնում, թե ինչ է հայրենիքն իր համար, նա լռում է, որովհետեւ լռության մեջ դեռ պատերազմում է` հանուն ներկայի, ապագայի ու անմահացած մարտընկերների անունները փառքով ու պատվով պահելու համար։ Հանուն հայրենիքի, որի համար կռվեց, անդադար կռվեց ու դեռ կռվելու է` հաղթանակի ջահը վառելու համար։ Ընկերները հպարտությամբ են խոսում Արմանի մասին։ «Արմանն ընդհանրապես վախ չուներ, ամեն ինչ անում էր, որ առաջինը ինքը լիներ՝ անգամ ամենաշատ թուրք սպանողը,-ասում է մարտընկերը՝ Հովսեփ Ղազարյանը՝ շարունակելով,-մեր ջոկատի այն եզակի տղաներից է, որ համարյա բոլոր մարտերին մասնակցել է»: Իսկ Արմանի խոսքով` թշնամուն մի օր անպայման ծնկի կբերենք ազգովի, եթե համախմբվենք եւ դառնանք անսասան ուժ, բոլորով լծվենք հայրենիքի պաշտպանության, շենացման գործին։
Քանի որ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն էլ էր Արմանի մարտընկերը, ցանկացա անպայմանորեն լսել նրա մասին. Արմանի խոսքը համոզիչ էր ու պարտավորեցնող. «Մենուան իսկական հայի տեսակ էր։ Այո, հայը նրա պես պետք է լինի»։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2021