Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Խոհ իմաստության»

Հունիս 11,2021 12:30

Ընկերովի ընթերցելով իմաստունների գրքերը, որոնցում նրանք ժառանգել են մեզ իրենց գանձերը, մենք ավելի ենք բարեկամանում։
Սոկրատես

Շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանում։ Ներկայացնելն սկսվեց բանաստեղծուհու հիմնադրած (2007թ.) «Համանվագ» գրական-երաժշտական կենտրոնի (վերջերս ընդգրկված), Մերի, Անի Թորոսյան քույրերի, Միլենա Հովհաննիսյանի հեզաճկուն պարով, երգով, ասմունքով…

«Խոհ իմաստության» 26-րդ գրքի հեղինակ Անահիտ Սարգսյանը ծնվել է Լոռվա առողջարանային քաղաք Ստեփանավանում։ 1973թ. ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, 1985-2009թթ. ապրել Ուկրաինայում։ 1990-ին Խարկով քաղաքում բացված հայկական դպրոցի տնօրենն է եղել եւ միաժամանակ սովորել է ԵՊՀ-ի բանֆակում։ 1991թ. հիմնադրել է Խարկովի «Հայ մշակութային կենտրոն»-ը, նաեւ կից՝ հայկական դպրոցը, դասավանդել հայոց լեզու եւ գրականություն։ 2003թ. Ուկրաինայի գրողների միության անդամ է: Օտար երկրում նրա համար ամենակարեւոր գործը եղել է հայապահպանությունը։ Հայրենիքի սիրով են շաղախված նրա գործերը»,-ասաց գրադարանի տնօրեն Տաթեւիկ Սարգսյանը:

Հավելեմ նաեւ, որ Սարգսյանի մեջ հայրենասիրական մղումներ են սերմանել ընտանիքը, Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ինքնակրթությունը, ինքնադաստիարակությունը, նկարչուհի, գեղագիտության ուսուցչուհի Գյուլփերի-Գյուլնարա Շահինյանը, որին միշտ երախտագիտությամբ է հիշում։

Դպրոցական տարիներից է սերտ կապեր հաստատել գրադարանների հետ, քանզի նրանք են իմացության աղբյուրը, գիտելիքների շտեմարանը։ Սիրով է միջոցառումներ կազմակերպել, կազմակերպում, հանդիսավարում, ելույթներ ունենում, զբաղվում դպրոցականների հոգեւոր-գեղագիտական դաստիարակությամբ։ Բազմաթիվ հանպատրաստի մտքերի հեղինակ է, ամուր կամքի տեր, բազմաշնորհ անձնավորություն։ Կենսունակ է, կրակոտ, իսկ խոսքի ներկապնակը՝ բազմագույն։ «Խոհ իմաստության» գիրքը կոչնակ է։ Ներկայացնում է մեր ժամանակի, մեր շուրջը կատարվող իրադարձությունների խորապատկերը։ Արտացոլված են հեղինակի հույզերը, խոհերը, մտորումները, մերօրյա տագնապահարույց իրավիճակներ։

Ստեղծագործություններում վեր են հանվում արգահատելին, ստրկամտությունը, խամաճիկությունը, քաոսայնությունը… Կարեւորվում է ազգային ինքնագիտակցությունը, առողջ մտածելակերպը, հայրենիքի ինքնության հաստատագրումը։

«Ողջունում եմ գրքի լույսընծայումը։ Կարեւոր հրատապ գիրք է, ժամանակի ոգուն համահունչ։ «Խոհ իմաստության» գիրքը վկայում է հայրենիքին նվիրված լինելը։ Ապրելով օտարության մեջ, Անահիտը հայապահպանության լայն գործունեություն է ծավալել։ Եվ հայրենիքում էլ շարունակում է հայի տեսակը պահպանելու կոչեր անել, հայ զինվորի հայրենանվեր ոգու կրակը վառ պահել…»,- ասաց բանաստեղծ Հովիկ Գրիգորյանը:

«Խոհ իմաստության» գրքի հեղինակ Անահիտ Սարգսյանը նշեց. «Զգացված եմ ջերմ խոսքերի համար։ Շատ եմ բեմել, հանդիպումներ ունեցել այս գեղեցիկ, կոկիկ, հոգու լույս սփռող գրադարանում, սակայն այսօր տեսնում եմ ընկճված դեմքեր, տխուր հայացքներ։ Հասկանալի է։ Եվ ափսոս, որ փոխվել ենք. թե՛ ներսից, թե՛ դրսից։ Բայց, երբեւիցե հայը չի ընկճվել եւ չի ընկճվելու, մեր պայքարը կշարունակվի։ Երբ Ես-ից Մենք դառնանք՝ հաղթանակներ կարձանագրենք։

Փոթորիկների միջով եմ անցել եւ հանգրվանել հայրենիքում՝ ձեր գիրկն եմ գալիս իմ սարեր, առեք ձեր գիրկը իմ սարեր՝ ձեր լանջերին եմ ուզում փարվել։ Գալիս եմ հոգիս փրկելու, գալիս եմ հավատս փրկելու… Գործով փրկենք մեր բաժին հայրենիքը։ Ամոթ է ծնկած ապրելը, լաց ու կոծով չենք փրկվի…

Անպատասխանատու եւ տկար մարդն է ամբողջովին Աստծուն ապավինում։ Հայն ինքն է իր ճակատագրի կերտողը, իր կյանքի տերը եւ նա պիտի աշխատի, արարի, կառուցի իր օջախը եւ պատասխանատու լինի այդ ամենի համար։ Արարչազարմ հայը մարդու ազատ տեսակն է եւ պիտի ապավինի ի՛ր մտքին, ի՛ր բազկին, ի՛ր ոգուն։ Զորեղանանք, տկարներին չեն սիրում»։

Գրքի շնորհանդեսը լավատեսական նոտայով, բարեմաղթանքներով, «Համանվագ» գրական-երաժշտական կենտրոնի աղջնակների խմբի ասմունքով, երգ ու պարով, փոխադարձ խրախուսանքով ավարտվեց։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930