Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հարցը՝ Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա խաղատախտակին

Հունիս 11,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ՝ Բայդեն-Էրդողան հանդիպում է նախատեսված, օրակարգում՝ նաեւ Ղարաբաղյան թեման է

Ի՞նչն էր խանգարում, որպեսզի երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում եղածին ինչ-որ բան ավելացվեր, նախաձեռնողականություն ցուցաբերվեր, օրակարգ առաջարկվեր… Տպավորություն է, որ ինչպես այլ պետությունների հետ փոխհարաբերություններում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության հարցում, Հայաստանի իշխանությունն ամեն ինչ թողել է ինքնահոսի:

Բայդենի նախագահության մեկնարկից ամերիկյան վարչակազմը շեշտը դրեց ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու պահպանման, օրենքի գերակայության ու ամրապնդման, տնտեսական հնարավորությունների ապահովման վրա, ազդարարելով, որ՝ «ժողովրդավարությունն անգին է»։ Ինչ վերաբերում է նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, ապա Վաշինգտոնի հստակ դիրքորոշումն է, որ չնայած ռազմական գործողությունների դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար։

Հունվարի վերջին արդեն ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: «Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված ռազմական գործողություններով եւ Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը»,-ասել էր Բլինքենը: Հարցին, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը օգնել Հայաստանին եւ էթնիկ հայերին՝ Հարավային Կովկասում պաշտպանվել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայից, Բլինքենն ասել էր. «Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության, կայունության եւ ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: Հաստատման դեպքում ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի եւ պաշտպանության նախարարի հետ համատեղ՝ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը»:

Իսկ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ինչպե՞ս են նախատեսում ներգրավվել խաղաղ գործընթացում եւ աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ: Բլինքենը շեշտել էր, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը:

Այսպես, Բայդենի պաշտոնավարման հենց մեկնարկից, Վաշինգտոնից ընդգծեցին, որ ամերիկյան վարչակազմը նորովի կվերսկսի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եւ որ այստեղ կարեւոր են Արցախի ժողովրդի անվտանգությունը: Բացի այդ, շեշտվեց, որ ԱՄՆ-ը Հայաստանին կշարունակի աջակցել՝ անվտանգության, ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման նպատակով օգնության տրամադրմամբ:

Իհարկե, հետպատերազմյան մթնոլորտում մեզ համար կարեւոր էր այն արձանագրումը, որ ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին եւ պատրաստ լինելով կասեցնել Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի պահանջները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը արգելում է ցանկացած տեսակի ուղղակի օգնություն ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը: 907-րդ բաժինն ընդունվել էր 1992-ին, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների եւ ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ։ 2002թ. ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական փոփոխություն կատարեց 907-րդ բաժնի վերաբերյալ, որով վարչակազմին հնարավորություն տրվեց ամեն տարի ժամանակավորապես կասեցնել օրենքի այս դրույթի կատարումը եւ ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ի վարչակազմը երկարաձգում է 907-րդ բաժնի կասեցումը։ Այն երկարաձգվեց նաեւ այս տարի:

Ապրիլի 24-ից հետո ԱՄՆ նախագահի ուղերձից հետո ամերիկյան վարչակազմը իր որոշ շեշտադրումներով հասկացնել տվեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «կամուրջներ չի այրելու»: Բայդենի ուղերձից 2 օր անց «Ազատության» հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ արձանագրումներ արեց:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթը օգտագործելուց հետո ի՞նչ կլինի հաջորդիվ, կարո՞ղ է այն իրավական հետեւանք ունենալ, ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հանդեպ հնարավո՞ր է: ԱՄՆ դեսպանի պատասխանը հետեւյալն էր. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915-ին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951-ին, եւ մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետեւանքների առումով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն»։

Ավելին՝ Լին Թրեյսին հիշեցրեց, որ ԱՄՆ-ը վաղուց հետաքրքրված էր՝ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման եւ տարածաշրջանում ավելի լայն հաշտեցման խթանման հարցում. «Դա ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին: Սա շատ կարեւոր խնդիր է: Բայց միեւնույն ժամանակ պարզ է նաեւ, որ կան որոշ անմիջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հետկոնֆլիկտային իրավիճակից ելնելով: Սա մի հարց է, որտեղ Մինսկի խումբը կարող է շատ կարեւոր դեր ունենալ։ Բայց կան, ինչպես ես ասացի, շատ պարզ, անմիջական խնդիրներ, որոնք, հուսանք, պետք է լուծվեն Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կարողանանք հասնել հաշտեցման ավելի մեծ խնդրին»:

Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմական օգնությանը Հայաստանին եւ հարցին, պատերազմից հետո Հայաստանը կստանա՞ գոնե հավասարաչափ ռազմական օգնություն, Լին Թրեյսին ուշագրավ պատասխան էր տվել. «Կարծում եմ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ իր սահմանի ապահովման գործում, եւ լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ եւ Ադրբեջանը մտավախություններ են կիսում: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել: Մենք բարձր մակարդակի որեւէ տեխնոլոգիա չենք տրամադրում Ադրբեջանին՝ մեր սահմանային անվտանգության կամ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում: Բայց այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, եւ դա շատ կարեւոր է ռազմական եւ անվտանգության համագործակցության ոլորտում, դրանք համատեղ գործողություններն են, ինչպիսիք են` խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլուր»:

Այսպիսով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հստակ մատնանշել էր, թե ինչն է խոչընդոտում, որ Հայաստանը ռազմական գործարքներ չի կարող կնքել ԱՄՆ-ի հետ, կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն է:

Իսկ Բայդենի ուղերձից մի քանի օր անց ստացվեց մեկ այլ ուշագրավ տեղեկություն՝ երկարաձգվեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը: ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդեց, որ պետքարտուղար Բլինքենը ստորագրել է 907-րդ բաժնի կասեցման երկարաձգման մասին կարգադրությունը, որով ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Երկարաձգումը, պարզվեց, հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից եւ ուժի մեջ մտել ապրիլի 26-ից: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական բաժնի հարցման՝ պարզաբանել էր, որ 1992-ից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն, այդ թվում՝ ավելի քան 6 միլիոն դոլարի օժանդակություն COVID- ի դեմ պայքարի համար եւ մոտ 10 միլիոն դոլարի ուղիղ օգնություն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 կոնգրեսականներ երկու կուսակցություններից դիմել էին Ներկայացուցիչների պալատի հատկացումների գծով հանձնաժողովին` կոչ անելով Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ պետքարտուղարության եւ Միջազգային զարգացման գործակալության խողովակներով տրամադրել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն: Դրա հետ մեկտեղ նամակում ԱՄՆ կոնգրեսականները կոչ էին արել չերկարաձգել 907-րդ բաժնի կասեցումը եւ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին:

Բացի այդ, ապրիլի 24-ին Բայդենի ուղերձից օրեր անց պետքարտուղար Բլինքենը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը կարեւորեցին ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը: Բլինքենը ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:

Այնուհետեւ, ԱՄՆ պետքարտուղարը հարկ էր համարել պարզաբանել Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նա օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները: «Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել էր Բլինքենը, ապա՝ շարունակել. «Կարեւոր է նաեւ նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ եւ ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»: Պետքարտուղարն իր հերթին շեշտել էր, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, հետեւաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ եւ տարածաշրջանային ընդհանուր շահերի հարցում։

Այսպիսով, Բայդենի վարչակազմը շրջանցեց 907-րդ բանաձեւը եւ ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին, իսկ Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցը մնալ:

14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, նախատեսվում է Բայդենի ու Էրդողանի հանդիպումը: Հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես եկավ հայտարարությամբ: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկելու են՝ Միջերկրական ծովի արեւելքին, Սիրիային, Իրանին, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930