Կապանի մշակույթի կենտրոնում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ կապանցի ընտրողներից մեկը շնորհակալություն հայտնեց Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ նրա կառավարման օրոք ինչ դիմում–նամակներ ուղարկել է պետական մարմիններին, արձագանք ստացել է։ «Հիմա, ինչքան դիմում եմ, գրում եմ արդարադատության մարմիններին արձագանք չկա։ Ի՞նչ կասեք այս մասին»,–հարցրեց նա։
Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ հիմա իրենք իշխանություն չեն, եւ ոչինչ չեն կարող անել։ «Միայն կարող ենք մի 200-300 մարդ հավաքել՝ ցույց անել, պահանջներ ներկայացնել»,–ասաց նա։
ՀՀԿ առաջնորդը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա։ «Հիշում ե՞ք, իբր բոլորս վարչապետ ենք, ես, դուք՝ այստեղ նստածներդ։ Բայց ինչ եղավ։ Էդ ժամանակներն անցել է»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Իսկ եթե «Պատիվ ունեմ»–ը իշխանություն կամ իշխանության մաս չկազմի, ապա չի լռելու, պայքարը շարունակելու է այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Նշեմ, որ կապանյան հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձեւաչափով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ