Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանության կառավարման վահանակն այլ տեղում է». Ռոբերտ Քոչարյան

Հունիս 10,2021 23:03

«Այս տարածաշրջանում անհնար է ապրել առանց պետականության հանդեպ հատուկ վերաբերմունքի, առանց բանակի: Ապրել կարելի է՝ ծնկաչոք, բայց խոսքն արժանապատիվ կյանքի մասին է: Զարմանալի է, երբ հայտնվում են մարդիկ , որոնք փորձում են արդարացնել իշխանություններին»,- այսօր Ապարանում, նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ եթե գործող իշխանությունները մնան, նոր կորուստներ կլինեն. «Միգուցե ընդհատումներով, բայց կլինեն»:

Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է վերընտրվի կառավարությունը, որը երկիրը նման վիճակի է հասցրել, մարդկանց սթրեսի մեջ է գցել. «Ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, բայց Ապարանի բնակիչները սիրում են պինդ խոսքը. «Եթե կեղտի մեջ ես, մյուսներին էլ քաշի կեղտի մեջ, հնարավոր է այդ ֆոնին ավելի լավը թվաս»: Ռոբերտ Քոչարյանի տվյալներով, վեջին չորս ամիսների ընթացքում 80 000 մարդ արտագաղթել է երկրից. «Ուզում են, որ ոչ ոք չմնա, եւ թշնամին պարզապես գա՞: Ինչո՞վ են մտածում նրանք, ովքեր պաշտպանում են այս իշխանությանը: Կարծում եմ, որ իշխանությունները մտածված քաղաքականություն ունեն: Նրանց կառավարման վահանակն այլ տեղում է»:

Գործող իշխանության արտաքին քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանը որակում է`«սուտասանի քաղաքականություն»:

«Ժամանակակից թվային աշխարհում մտածել, թե կարող ես չինացիներին մի բան ասել, ռուսներին՝ այլ բան, ամերիկացիներին՝ մի երրորդ բան, մեծ սխալ է։ Էժան ճարպկություն։ Այդպես հուսալի գործընկերներ ձեռք չեն բերում, միայն կորցնում են։ Գուցե 15-16-րդ դարերում կարելի էր այդպես քաղաքականություն կառուցել, կապ չկար, տելեգրամ-ալիքներ չկային։ Բայց հիմա ամեն ինչ անմիջապես ի հայտ է գալիս։ Իսկ սրանք միայն դրանով էլ զբաղվում էին։ Ինչպես քեզ վստահեն, եթե դու 20 տարի ռուսատյաց էիր, հոդվածներ էիր գրում համապատասխան, միտինգներ էիր անում ռուսական ռազմակայանի մոտ, եւ հանկարծ, ընտրությունից հետո, դարձար ռուսամե՞տ։ Անվստահության տարրը կար ի սկզբանե։ Հետո սկսեց խորամանկել։ Ռուսների հետ մի թեմա էր, իրանցիների հետ՝ ուրիշ։ Բայց որքան էլ, որ ասեր, որ ռուսամետ է, նրանք հո հետեւում են Հանրային հեռուստատեսությանը, տեսնում են՝ ինչպե՞ս են իրենց պահում քո կողմնակիցները։ Հիմնական մունետիկը առհասարակ դարձել է «Ազատություն» ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի կողմից։ Եվ գործընկերները հասկանում են, որ իրենց փորձում են խաբել։ Միակ ճանապարհը ուղիղ եւ ազնիվ լինելն է։ Ես միշտ այդպես եմ արել։ Եվ հարաբերություններն էլ բոլորի հետ լավ էին։ Եթե ԱՄՆ-ին ասում ես՝ մեր հարաբերությունների միջանցքն ահա այսպիսին է, բայց այդ միջանցքի շրջանակում ես պատրաստ եմ լիարժեք համագործակցության, դա աշխատում է։ Եթե չես մտնում նրանց հակասությունների ոլորտ, միշտ կարելի է համագործակցության քաղաքականություն վարել»:

Ռոբերտ Քոչարյանը խոստացավ ՌԴ-ի հետ վերականգնել խախտված վստահությունը եւ այդտեղ իրեն կօգնեն անձնական կապերը եւ անցած ճանապարհը: Հանդիպման ներկաներից մեկն այս հարցն ուղղել էր`Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերությունները նկատի ունենալով:

«Հայաստան» դաշինքի անդամներն ընտրողների հետ խոսել էին նաեւ գյուղատնտեսության զարգացման իրենց ծրագրերից: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ նախատեսում են 11 ջրամբարների կառուցում. «Կարծում եմ, կլինի նաեւ 12-րդը՝ Մեղրիինը»։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ ջերմոցային տնտեսությունները. «Պատրաստ ենք լսել եւ լուծել ցանկացած խնդիր»:

«Մեր կրեդոն է՝ աշխատատեղեր, աշխատավարձերի աճ, ներդրումների ներգրավում: Պետք է լինի արժանապատիվ վարձատրվող աշխատանք: Ես ժողովրդի բարեկեցությունը բարելավելու այլ տարբերակ չեմ տեսնում»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը`պատասխանելով սակագների նվազեցմանը վերաբերվող հարցին:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը երեք տարվա ընթացքում 15%-ից նվազել է`դառնալով 11%. «Եթե հարաբերակցությունը նվազեր, ես կհասկանայի: Բայց կրճատվել է գյուղատնտեսության եւ ՀՆԱ-ն, եւ մասնաբաժինը: Դա նշանակում է, որ բնակչության վիճակը վատացել է»: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում. «Մենք մինչեւ վերջ չգիտենք, թե իշխանության կողմից տնտեսությանը ինչ վնաս է հասցվել: Կարող եմ խոստանալ, որ կուսումնասիրեմ հարցը: Հնարավոր է, որ իշխանության գալով՝ նրանց պարգեւավճարների վրա ծախսված դատարկ բյուջե գտնենք: Մենք պետք է տեսնենք, թե որքան գումար են նրանք թողել մեզ: Իմ տպավորությամբ՝ ոչինչ չեն թողել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930