Լրահոս
Օրվա լրահոսը

«880 հազար քվե հավաքող ուժի դեմ եմ դուրս եկել, մտածել եմ՝ եթե խոստում խախտելով է սկսել, մարդիկ վաղը ծափահարելու են իրենց կախաղան բարձրացնելուն». Միքայել Նահապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին

Հունիս 10,2021 22:50

«Զի քո է» կարգախոսով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը քարոզարշավի ընթացքում անցնում է Երևանի վարչական շրջաններով ու մարզային համայնքներով, իրազեկում, իրենց կուսակցության տեղեկատվական թերթիկները բաժանում բնակիչներին:

Հունիսի 10-ին քարոզարշավի շրջանակներում ՔՈ անդամները թակեցին դավթաշենցիների դռները, եղան Ազատության պողոտայում:

Aravot.am-ի հետ զրույցում ՔՈ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահեցրեց՝ մարդիկ շատ համարժեք են գնահատում իրավիճակը, փնտրտուքի մեջ են. «Նրանք մարդ են փնտրում, միտք, ուժ, ասելիք: Կողմնորոշվելու գործընթաց է: Կան նաև արդեն կողմնորոշված քաղաքացիներ: Ամեն շենքում միջին վիճակագրորեն մենք, անպայման, ինչ-որ թվի ընտրողներ ունենում ենք»:

Ըստ նրա՝ իրական կյանքում ընթացող քարոզարշավը բացարձակ կապ չունի ֆեյսբուքյան իրականության հետ: Մեր դիտարկմանը՝ գուցե ինքն է՞լ կընդունի, որ այս քարոզարշավում հիմնական պայքարը այսպես կոչված նախկին ու ներկա ուժերի միջև է և հարցին՝ դա իրենց չի՞ խանգարում, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Ֆեյսբուքում և մեդիայում՝ այո, բայց այն տարածությունը, որում մենք ենք՝ իրական մարդիկ, նրանք որպես այդպիսին այդ կյանքով չեն ապրում: Որ դուռը թակելիս հանկարծ մոռանում ենք ներկայացնել մեր օրակարգը, որ ատելության բևեռներին զրո քվե, մարդիկ ընդհանրապես չեն էլ ուզում լսել մեզ»: Ըստ Միքայել Նահապետյանի՝ մեդիայում խնդիրներ են առաջանում, քանի որ նվազեցնում են տարածությունը, եթերաժամանակը, որը կարող էին օգտագործել Հայաստանի զարգացման, վերակառուցման ծրագրի մասին խոսելու համար:

Հարցին՝ այլ ուժի հետ միավորվելու հեռանկարներ տեսնո՞ւմ են, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Ընդհանուր տրամադրությունների փոխանակում կուսակցությունում եղել է: Կուսակցության 99,9 տոկոսը հակված է այն որոշմանը, որ որևէ պարագայում մեր քվեով ատելության տանող ճամբարներից որևէ մեկի թեկնածուն վարչապետ չի դառնալու որևէ պատճառաբանությամբ»:

Հետաքրքրվեցինք՝ իրենց չի՞ խանգարի այն փաստը, որ որոշ ժամանակահատված կուսակցությունը և անձամբ Միքայել Նահապետյանը համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Կուսակցությունը Փաշինյանի հետ համագործակցություն՝ որպես այդպիսին բուն 2018-ի ապրիլ- մայիսի իրադարձություններից բացի ոչ ֆորմալ իմաստով, ոչ բովանդակային չի ունեցել: Եթե իմ անձը նկատի ունեք, որ ես կառավարությունում վեց ամիս աշխատել եմ, ապա այդ նույն քաղաքացիները, որոնք գիտենք, որ ես աշխատել եմ, նրանք նաև գիտեն, որ երբ խախտվել է հեղափոխական առաջին իսկ խոստումը, ես դրա մասին հայտարարել, դուրս եմ եկել: Ես դա արել եմ այն ժամանակներում, երբ մարդիկ կամ լռում էին սխալների մասին, կամ անտեսելով սխալները՝ գնում մտնում էին կառավարության կազմ ու թավշյա հեղափոխության դրոշներ բարձրացնում: Ես այդ ընթացքում 880 հազար քվե հավաքող ուժի դեմ եմ դուրս եկել՝ որպես մարդ, մի պաշտոնյա, որովհետև մտածել եմ՝ եթե անգամ միլիոն 880 հազար քվե այդ ուժը հավաքում է, մեկ է, եթե խոստում խախտելով, լղոզելով է սկսել, այն մարդիկ, որոնք այսօր ծափահարում են իրենց գահակալությանը, վաղը ծափահարելու են իրենց կախաղան բարձրացնելուն: Այն, ինչ ես եմ արել իմ խղճի ու արդարության ընկալման համար, մնալու է երեկ, այսօր ու վաղը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930