Երեկ Շիրակի մարզում անցկացրած քարոզարշավի ժամանակ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը թե՛ Ազատանում և թե՛ Գյումրիում ՝Շիրակի մարզպետարանում, հանդիպել է գերիների հարազատների հետ։
Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկությամբ՝ Ազատանում հանդիպումը բավական կարճ է տևել, գերիների հարազատները դարձյալ անորոշության մեջ են մնացել։
Վարդան Իկիլիկյանը տեղեկացրեց, որ Ազատանի 5 գերիներից 3-ն այս պահին ծանր հոդվածներով՝ ահաբեկչություն, սպանություն կատարելու մեղադրանքներով դատվում են, հետևաբար և գերիների հարազատները բացարձակ ժամանակ չունեն 1-2 ամիս սպասելու։
«Մեր երեք գերիները Բաքվում դատվող 27-ի մեջ են, արդեն գործ են կարել նրանց վրա․ որպես դիվերսանտ՝ դատվում են, էլ ինչի՞ սպասեն։ Վարչապետը, որ հանդիպում է գերիների հարազատների հետ ու ասում ՝ կներեք, մի երկու ամիս էլ թող սպասեն, ախր մարդկանց դատում են։ Ինձ պատմեցին, որ գերիներից մեկի մայրը Փաշինյանին ասել ՝ էրեխեքին դատում են՝ ի՞նչ սպասել։
Կարդացեք նաև
Եթե մարդկանց դատում են, նրանք կալանավոր են դառնալու, ի՞նչ են մտածում, ըստ վարչապետի՝ ի՞նչ պիտի անի ինքը երկու ամիս հետո․․․ Եթե ժամկետի մեջ հասցնի Եվրոդատարան պիտի բողոքի, որ ինչ-որ բանի հասնի, բայց հասնողը մինչև հիմի կհասներ։ Եթե երկու-երեք հոդվածով ամեն մեկին դատում են, առնվազն 25 տարի կարող են դատապարտել, պատիժն էլ նշանակեն Ադրբեջանում կրելու, հաստատ չեն համաձայնի այլ երկիր տեղափոխելու, ի՞նչ է լինելու այդ մարդկանց վիճակը։
Լավ, ասում ես սպասեն գերիները, դու այդտեղ որոշում կայացնող չես, ուզում եմ հասկանալ ինչի՞ ես ի վիճակի, ասա հասկանանք, մտածում ես՝ ի՞նչ կարող ես անել, Ադրբեջանում դատապարտյալների համար համաներո՞ւմ պիտի անես․․․
Ծնողներից ոմանք շատ նեղված էին հանդիպումից, ես զրուցել եմ նրանց հետ», -ասաց Վարդան Իկիլիկյանը։
Նա նշում է, որ զոհվածների, գերիների ընտանիքներին պետականորեն արտոնություններ չեն տրվել։
«Ինչո՞ւ չկան արտոնություններ, մարդը գնացել այդ հողի համար կռվել է, զոհվել է, արտոնություն չկա հողի հարկի, պիտի գանձենք, բա ես ո՞նց կանչեմ այդ մարդկանց ու հողի հարկ ուզեմ։ Ստիպված տեղական ինքնակառավարման մարմինը պիտի վերցնի իր վրա ու կոմպենսացնի։
Այսօր զոհվածների, գերեվարվածների հարազատներն, իրենց երեխաների հարցերով զբաղված, աշխատանք են կորցրել, գյուղատնտեսությամբ չեն զբաղվել, ցանքս չեն արել, եկամուտ չունեն, մարդիկ նստած են ապրում, ասում են ոռոգման ջրի փող չունենք, հարցնում են՝ մեզ արտոնություն չկա՞։ Էդ բոլորը արտոնությունները համայնքը պետք է որոշի՞։ Լավ, ես բյուջեից որտեղի՞ց այդքան տամ։ Պիտի օգնեմ, լավ, աշխատավարձ էլ չստանանք, տանք, բայց էս մարդկանց վիճա՞կը։ Չէ՞ որ էդ կարգավիճակի մեջ են հայտնվել, ուղեղները չի աշխատում, ի վիճակի չեն աշխատել, ի՞նչ պիտի լինի այս մարդկանց հետ»,-հարցնում է Ազատանի համայնքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ