Երկու անգամ եղել եմ ընտրությունների մասնակից, որպես գործող իշխանություն, առաջին անգամ՝ որպես ընդդիմություն. այսօր Արտաշատում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մի հետաքրքիր դիտարկում. այս անգամ մենք գնում ենք ընտրությունների պարտված ժողովրդի հոգեբանությամբ: Հետադարձ հայացքով, երբ նայում ենք այդ պարտությունը, մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում, բայց բոլոր նախորդ ընտրություններում մենք մասնակցել ենք որպես հաղթած ժողովուրդ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը`հավելելով, որ չի հիշում որևէ քաղաքական բանավեճ, երբ հիմնական թեմաներից մեկը լինի ազգային արժեքների պահպանումը: Իսկ այսօր այդպես է եւ պատճառն այն է, որ ուղիղ երեք տարի հետևողականորեն արվում էր ամեն ինչ, որպեսզի խարխլվեր այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում:
Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, այս երկու գործոնն իրար հանդիպեցին, և ունեցանք այս արհավիրքը, որը ծրագրավորված էր: Բայց ունենք այն, ինչ ունենք եւ, ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը սեփական ժողովրդին այս վիճակին հասցրած քաղաքական ուժին հեռացնելն է իշխանությունից:
«Մենք մի թիմ ենք, որը ունի փորձ, գիտելիք, կամք, վճռականություն, առանց նման որակների ճգնաժամային իրավիճակներում երկրի ղեկին նստելը հանցագործություն է, ուղղակի հանցագործություն: Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել տրենաժոր, տալ խամ, անփորձ մարդկանց ձեռքը, քանի որ կարող ենք բախվել կրկնակի խնդիրների»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
«Մենք մեզ քաղաքական աճուրդի ենք հանել: Մենք հսկայական պատասխանատվության տակ ենք մտել, հատկապես ես: Երկու անգամ նման բեռի տակ մտել եմ եւ պատվով եմ դուրս եկել: Հետեւաբար, բավական ռիսկային է ինձ համար, թասիբի հարց է, պատվի, արժանապատվության հարց է կրկնել այն հաջողությունները, որը մենք ունեցել ենք, մի բան էլ ավել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը`հավելելով, որ այս բեռի տակ մտնելով ինքը նաեւ ռիսկի տակ է դնում իր կենսագրությունը, քանի որ կարող ես շատ լավ բաներ անել եւ մի վատ բան անել ու մարդիկ դա են հիշելու. «Օգնեք ինձ եւ մեր քաղաքական թիմին ստանձնել այս պատասխանատվություն եւ մենք կապացուցենք, որ կրկնակի անգամ պատվով ենք դուրս գալու այս ամենից`ձեզ հետ միասին: Ոչ ոք թող չմտածի, որ հանգիստ ենք թողնելու ձեզ, աշխատացնելու ենք`գիշեր-ցերեկ, ինքներս մի քիչ ձեզանից շատ ենք աշխատելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ