«Այն ժամանակ ես ինչպե՞ս կպատկերացնեի, որ Նիկոլը դառնալու է Հայաստանի վարչապետ»,-այսպես արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին տարիներ առաջ քաղաքական պայքար են տարել իշխանությունների դեմ, արդյոք արդյոք այսօրվա եւ այն ժամանակվա Նիկոլի մեջ շատ տարբերություն կա, նա փոխվե՞լ է։
«Այո մի երկու տարի Նիկոլի հետ աշխատել ենք, մինչեւ մեր Կոնգրեսի դաշինքը մտավ խորհրդարան։ Մտնելուց հետո հենց առաջին օրը նա խզեց իր կապերը Կոնգրեսի հետ։ Առաջին օրը, միանգամից, վերջացավ։ Նա արդեն իր ծրագիրն ուներ։ Իրեն պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ, որ դառնա հանրային դեմք։ Ասեմ՝ այդ մարդը շատ հետեւողական, սեւեռուն մարդ է, մի նպատակ, որ դնում է, մինչեւ վերջ գնում է։ Եղավ, չէ՞, հետո էդ «ռյուկզակը» հագավ, եկավ դառավ Հայաստանի թագավոր»,-ասաց Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ շատ ավելի երկար են շփվել, համագործակցել․ «Այստեղ ի՞նչ կա։ Կարող ենք շատ լավ համագործակցել, բարեկամաբար, բայց ինչ-որ պահի կարող ենք նաեւ խզվել, եւ խզվեցինք այդ սկզբունքային հարցի պատճառով: Ե՛վ Վազգեն Սարգսյանի հետ, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իմ հրաժարականով 98 թվականին մենք բացարձակապես խզվեցինք»։
Մեր մեկ այլ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է քաղաքական գնահատական տալ բոլոր իշխանություններին, հունիսի քսանից հետո, եթե գա իշխանության, ապա դա կիրականացնի, ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահը Քոչարյանի այս հայտարարության մասին:
Կարդացեք նաև
Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ հարցը Քոչարյանին տվեք՝ ի՞նչ պետք է անես, գնդակահարելո՞ւ ես նորերին։ Արդեն ասում է՝ վենդետա եմ անելու, մեկ-մեկ, բոլորին պատժելու եմ։ Նույնն էլ Նիկոլն է ասում՝ պատերի տակ շարելու եմ, ծեփելու եմ պատին, փռեմ ասֆալտին։ Նույնիսկ հայհոյանք է տվել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ