«Կոտրելու ենք, ջարդելու ենք, արդեն վերջին խռխռոցն է այս համակարգի: Հեսա Բայդենը Պուտինի ականջները կձգի, Պուտին պապան այնտեղ որ վերանա, սրանց փուքսներն այստեղ կիջնի»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը:
Բևեռն այսօր հանդիպումներ ունեցավ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ վարչական շրջաններում, Արմավիրի և Շիրակի մարզերի համայնքներում:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները Վահե Գասպարյանին հակադարձեցին՝ ո՞նց թողնենք ռուսին, ճար չունենք.Կովկասն աշխարհի մասշտաբով տված է ռուսին, Վահե Գասպարյանը նրանց հիշեցրեց՝ ռուսը երկու անգամ գնացել է Կովկասից, և 1918-ին մենք ձեռք բերեցինք անկախություն: Նա հավաստիացրեց՝ կեղծ երկընտրանք է՝ կամ թուրքի յաթաղանը, կամ ռուսի սապոգը, քանի որ աշխարհում ԱՄՆ, Ֆրանսիա, այլ երկրներ կան:
Լրագրողների հետ զրույցում Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ իրենց՝ իշխանության գալու դեպքում նախորդ բոլոր ռեժիմներին տալու են իրավաքաղաքական գնահատական. «Պիտի կատարվի անցումային արդարադատություն՝ դրանից ելնելով լյուստրացիայով: Դրանից հետո նոր Սահմանադրության ընդունում, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, Կուսակցությունների մասին նոր օրենք: Այնուհետև կկազմակերպվեն խորհրդարանական ընտրություններ»:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ՝ 2018-ին հեղափոխություն արեց հայ ժողովուրդը: Այս առիթով ասաց. «Թող ոչ մեկ իրեն չվերագրի այդ հեղափոխությունը, ոնց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը, ստանալով ժողովրդի մանդատը, մսխեց վստահության պաշարը, և ոչ միայն չփոխեց այլ մաս դարձավ նախկին համակարգի»:
Վահե Գասպարյանի համոզմամբ՝ համակարգը նույնն է, նույն օլիգարխներն են. «Հիմա օլիգարխներին գործարար են կոչում: Գռզոն դարձավ գործարա՞ր: Գռզոն օլիգարխ էր, օլիգարխ էլ կմնա: Թող ոչ մեկ մեզ հեքիաթներ չպատմի»:
Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ օր օրի տեսնում են ժողովրդի համախմբում իրենց շուրջ:
Լրագրողների դիտարկմանը՝ քարոզարշավի այսպես կոչված գլխավոր դերակատարների մասին, ԱԺԲ վարչապետի թեկնածուն այսպես պատասխանեց. «Նրանք ամենևին էլ գլխավոր դերակատարներ չեն, ծանր հրետանի չեն: Եթե Ռոբերտ Քոչարյանը ծանր հրետանի է, ուրեմն ես չինացի եմ: Ծանր հրետանին հայ ժողովուրդն է, Ազգային ժողովրդավարական բևեռը»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ