«Ակնհայտ էր, որ հակառակորդն ուներ օդային մեծ առավելություն: Անհրաժեշտ էր առաջին օրից հնարավորին մեծ կորուստներ հասցնել թշնամուն. ուղղակի հոգնեցնել, թուլացնել, կորուստներ հասցնել: Եվ դա արվում էր ռազմաճակատի մի զգալի մասում»,- այսօր Թալինում`պատասխանելով պատերազմի ճիշտ կառավարման արդյունքում հնարավորինս քիչ կորուստներ, այդ թվում նաեւ տարածքային, ունենալու մասին հարցին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Հետո, երբ իրենք հարավում ճեղքեցին այդ 14 կիլոմետր հատվածը, դրանից հետո պետք էր մի քիչ խորքում ամրանալ, երկրորդ, երրորդ գիշերում, ինչը, ըստ էության չկարողացանք: Այդ պահին կոնտրհարձակում եղավ եւ ուղակի ջարդեցին մեր առաջին կորպուսը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը`մեծ եւ կոպիտ սխալ համարելով դա, քանի որ հակառակորդը դեռ բավարար հոգնած եւ թուլացած չէր ու այդ իրավիճակում զինտեխնիկա ու զինվորներ տանել բաց դաշտ, հսկայական կորուստներ տալ ու կոտրել մեր ամբողջ Հարավային զորամիավորման ողնաշարը:
«Այդ սխալը վճռորոշ էր այս պատերազմի հետեւանքների համար»,- հայտարարեց երկրորդ նախագահը`հավելելով, որ անգամ այդ պարագայում ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր էր իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալ, ինչը գործող իշխանությունը չկարողացավ անել:
«Ինչ վերաբերում է Շուշիին, ամենացավալին այն է, որ Շուշի իրենք մտել են առանց տեխնիկայի, ուղղակի պիկապներով, Հադրութից անտառով եկել հասել են Շուշի եւ մտել են, այո, առանց տեխնիկայի: Եվ կասկածները հենց դրանից է գալիս, թե ինչո՞ւ այդ ամբողջ ճանապարհին, որեւէ տեղ իրենց չեն կանգնեցրել: Այդ հնարավորություն կար:
Կարդացեք նաև
Իրենք Հադրութը վերցրին, Էդիլու գյուղը, Էդիլույից մտան Տող գյուղ, այնտեղից Շեխեր, Ավետարանոց, Քարինտակ եւ հասել են Շուշի: Այդ պատճառով, մարդիկ հիմնավոր կասկածներ ունեն, որ այստեղ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է: Ես այդ հիմնավոր կասկածն ունեմ եւ այն խոսակցությունները 5 միլիարդի մասին եւ այլն, պարապ խոսակցություն չէ: Կոնկրետ նման առաջարկ եղել է, առաջարկը, որը հնչել է հայտնի ձայնագրությունում: Առաջարկը եղել է նաեւ այս իշխանությանը: Եվ իշխանափոխությունից հետո է միայն պարզվելու, թե իրականում ինչ է կատարվել: Ես ունեմ խորը, շատ մեծ կասկածներ, որ Շուշին, այո, գիտակցաբար հանձնվել է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ