«Պրիմիտիվ դեբիլություն». սա «Հայաստան» դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնորոշումն է Նիկոլ Փաշինյանի` որդուն գերիների հետ փոխանակելու գաղափարը:
Գերիների մասին Թալինում Ռոբերտ Քոչարյանին հարց էր ուղղել «Համերաշխություն» կուսակցության փոխնախագահը:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ գերիների հարցն ամենազգայուն հարցերից է. «Ես հանդիպել եմ Գյումրիում գերիների ծնողների հետ: Խայտառակություն է, որ մինչ օրս ոչինչ հայտնի չէ, հայտնի չէ՝ որքա՞ն գերի եւ անհետ կորածներ կան: Անհայտ կորածների ծնողները շատ ավելի ծանր վիճակում են, որովհետեւ ընդհանրապես տեղեկություն չունեն: Մարդկանց հետ նույնիսկ այդ հարցը քննարկելն է դժվար է եւ ամենից վատը, որ պետությունը ոչինչ չի անում, այդ մարդկանց վիճակը թեթեւացնելու համար»:
Գերիների վերադարձի մասին էլ ասաց, որ պետք է մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա`միջազգային կառույցների կողմից: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, գերիների հարցով արձագանքել է մեկ եվրոպական կառույց, այն էլ մեկ-երկու պատգամավորի շնորհիվ: Նա հարց հնչեցրեց`մեր ԱԳՆ-ն ի՞նչ էր անում, խորհրդարանն ի՞նչ էր անում: «Պահելով գերիներին՝ նրանք մեզնից ինչ-որ զիջումների են փորձում հասնել: Սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ դա անօգուտ է: Մենք Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում ենք ակնկալում: Պետությունը ոչինչ չի անում: Հենց գերիների թեման բարձրանում է`ռուսների գրպանն են գցում: Գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը: Ոնց որ մենք կապ չունենք էլի դրա հետ, ոնց որ գեներալ Մուրադովն է մեղավոր, որ գերի են ընկել, գեներալ Մուրադովն էլ պետք է գնա ետ բերի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ իշխանության գալու պարագայում շատ մեծ ճնշում է գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի հարցն արագ լուծվի:
Կարդացեք նաև
Անդրադառնալով էլ այդ առիթով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Անբարոյական եմ համարում, երբ պետության ղեկավարը ոչինչ չի անում եւ ասում է, որ գերիները դեռ 2 ամիս կարող են գերություն մեջ մնալ եւ խոստանում է անել այս կամ այն գործողությունը: Մենք միջնադարում չենք ապրում: Բոլորը հասկանում են, որ դա էժանագին պոպուլիստական հնարք է` կիսագիտակից զանգվածի վրա ազդեցություն ունենալու համար: Բայց դա այն թեման չէ, որ էժանագին հնարանքներով դիվիդենտներ հավաքես. հիմա հայտարարեց, այդ ընտանիքներն էլ պիտի ասեն`հեսա կփոխանակի: Պարզ է, որ չի լինելու դա, չէ՞: Դու Ինչպե՞ս եք դա պատկերացնում 21-րդ դարում: Նմանատիպ աստիճան պրիմիտիվ դեբիլությունը մինչեւ երբ պիտի տանենք լավ: Փորձում եմ կոռեկտ լինել, սակայն, երբեմն, պետք է ճիշտ արտահայտություններ անել: Սա այն դեպքն է, երբ խոսքը դեբիլության մասին է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ