Ի՞նչ է սպասվում Արցախին․ այսօր հրավիրված ասուլիսում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով այս հարցին, ասաց՝ ինձնից չսպասեք այսօր ճշգրիտ տեղեկություններ։
«Պուտինը, Մակրոնն ու Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ։ Ես քաղաքագետ չեմ, ցանկացած քաղաքագետի հարցրեք՝ բոլոր հարցերի պատասխանը միանգամից կտա։ Ես այդ տեսակից չեմ, ես պիտի իմանամ՝ ի՞նչ է պարտնյորների մտադրությունը, իսկ դա այսօր ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին ո՛չ էլ ինձ են ասում: Ասում են միայն Նիկոլին։ Նա էլ, չգիտեմ, հասկանո՞ւմ է, թե հասկանալուց հետո էլ աղավաղում է նրանց ասածները։ Ես ավելի շատ դրան եմ հակված, որ չի էլ հասկանում»,-ասաց Տեր-Պետրոսյանը։
Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հինգ տարով ներկայությանն ու ժամկետի ավարտից հետո Արցախում ի՞նչ է սպասում, Տեր- Պետրոսյանն ի պատասխան այս հարցի, ասաց․ «Պայմանագրով 5 տարի էր նշված։ Նախ՝ սխալ պատկերացում կա 99% -ի մոտ, որ 5 տարի հետո ռուսական խաղաղապահ ուժերը հեռանալու են Ղարաբաղից։ Այդպիսի բան չկա»։ Ապա Տեր-Պետրոսյանն ընթերցեց պայմանագրի այն դրույթը, որի համաձայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքի գտնվելու ժամկետը 5 տարի է, սակայն եթե կողմերից որեւէ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, ապա հաջորդ 5 տարին ավտոմատ երկարաձգվում է։
«Ինչի՞ եք պանիկա գցում, որ ռուսները 5 տարի հետո հեռանալու են, ինչի՞ են եկել, էդպես թեւերը թափ տալիս, գնո՞ւմ են։ Գրված է պայմանագրում, վերջ»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ ռուսները մտադիր չեն Ղարաբաղից հեռանալ․«Վա՞տ է։ Եթե ռուսները դուրս գան, մի ղարաբաղցի չի մնա Ղարաբաղում։ Պիտի մնան այնքան, մինչեւ ապահով լինի Ղարաբաղի հարցը։ Մենք էլ պիտի նպաստենք։ Հիմա ամեն ինչ պետք է անել, որ Ղարաբաղի բնակչությունը չհեռանա Ղարաբաղից։ Եվ այստեղ 100%-ով Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, որովհետեւ եթե Ղարաբաղում հայ չմնա, ռուսները կթողնեն կգնան»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ