ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր Վանաձորում ներկայացրեց իր տեսակետն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենն ասել էր, որ այլ ելք չկա եւ պետք է հողերը տաս: Իսկ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց հրապարակել նշված ձայնագրությունը. «Չեմ սիրում ցինիզմը: Ընդհանրապես կարեւոր չէ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն նման բան ասել է, թե չէ: Ինքն է վարչապետը, ինքը՝ զիջել է, հասկանո՞ւմ եք: Կներեք, կոպիտ է մի քիչ, չգիտեմ դուք ամուսնացած եք, թե ոչ, բայց պատկերացրել եք բռնել եք ձեր ամուսնուն՝ ձեզ դավաճանելուց, եւ ձեր ամուսինն ասում է, որ այդ մասին հորդորել է իրեն իրա ընկերը, որին դուք հարգում եք: Նույն բանն է: Վարչապետը դու ես, ինձ վաբշե հետաքրքիր չէ Տեր-Պետրոսյանն իրեն տենց բան ասել է, թե ոչ: Էս մարդն եկել է հողերը տվել, ասում ա՝ նրանք էին տվել, նրանք էլ ասում են՝ ե՞րբ էինք տվել, արա: Ասում ա՝ չէ, տալու էիք: Պատկերացրեք մեկ ուրիշ դեպք: Ձեր ամուսինը ձեզնից բաժանվում է: Ասում եք ինչո՞ւ, ձեր ամուսինն ասում է՝ ինձ դավաճանելու ես:
Դրա համար ենք ասում գիժը չի կարա երկրի վարչապետ լինի, լսեք, խելքներներդ գլուխներդ հավաքեք: Բա դուք 3000 տարվա իմաստուն ժողովուրդ եք»,- ասաց Բագրատյանն ու շարունակեց. «Արդեն այն, որ ձեր մեջ գտնվում է մարդ, որ ձեր հետ այդպես է վերաբերվում ու չի դուրս մղվում, խոսում է արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի պրոբլեմների մասին, այլ մեր ժողովրդի պրոբլեմների մասին»:
Իր խոսքում կուսակցության առաջնորդը նշեց նաեւ, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ