«Միայն ու միայն Հայաստանի և Ռուսաստանի զորքերը կարող են պահպանել Հայաստանի սահմանները». այսօր Իջևանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ իրականացվող քարոզարշավի իր ելույթում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Մինչև մեր անվտանգությունը չապահովվի՝ չի լինի ոչ մի տնտեսական զարգացում, իսկ դա կարող են անել միայն հայ և ռուս զինվորները իրար հետ պահելով մեր սահմանը։ Եթե հայ և ռուս զինվորները սահմանում կանգնած են, իմացեք ոչ մի ճանճ չի կարող անցնել այդ սահմանով, մեր մատը փուշ չի կարող մտնել։
Ծառուկյանը արդեն տասնհինգ տարի է՝ քաղաքականության մեջ է, և «իմ միակ ցանկությունը այն է, որ ես կարողանամ իմ կապերով և կարողությամբ պիտանի լինեմ իմ ժողովրդին»:
«Իմացեք, որ եթե ձեր վիճակը լավ լինի, իմ երեխաների վիճակն էլ լավ կլինի, որ ձեր վիճակը լավ չլինի՝ իմ երեխաների վիճակը լավ չի լինի»,- իր ելույթում նշեց Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
ԲՀԿ կուսակցության առաջնորդը քարոզարշավի իր համակիրներին վստահեցրեց, որ իր ծրագրում և խոսքում ինքը քաջ տիրապետում է ժողովրդի կարիքներին և գիտի, թե ինչպես պետք է լուծել սոցիալական ծանր վիճակի խնդիրները.
«Ես ինչ ասել եմ, երբեք չեմ ասել մի բան, որ չկարողանամ անել, ես միշտ քիչն եմ ասում, որ ավելի շատը անենք։ Անհնարին ոչինչ չկա։ Դուք հուսախաբ չլինեք, մենք հավատացյալ ազգ ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք և թող Քրիստոսի օրհնությունը մեր ժողովրդի վրա լինի։ Անպայման Քրիստոս մի նոր ճանապարհ կբացի։ Աստված թող պահապան լինի մեր ժողովրդին։ Պետք է բոլոր ոլորտներում գումարներ ներդնել, որ մարդկանց ձեռքը փող լինի ու իրանց դեմքից էդ տխրությունը գնա»։
Ծառուկյանը նաև անդրադարձավ սահմանամերձ գյուղերում ապրող քաղաքացիներին և պնդեց, որ այդ մարդկանց կյանքը պետք է բարելավվել և մեծ ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում.
«Տավուշի մարզում մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, փայտամշակմամբ, տուրիզմով, իսկ այսօր ոչ մի ոլորտ լիարժեք չի գործում։
Իմ համակրանքը միշտ առանձնահատուկ է եղել սահմանամերձ բնակիչների հանդեպ՝ անկախ ընտրություններից։ Այսօր տեսնում եմ, որ բոլոր սահմանամերձ գյուղերից երիտասարդները գնում են ու մնում են միայն ծերերը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ չգնան և տան լույսը միշտ վառ պահեն։ Պետությունը կարող է կազմակերպել սահմանամերձ տարածքներում գյուղատնտեսության համար համապատասխան պայմաններ, իսկ ես տեսնում եմ, որ այս ոլորտում բացարձակ անտերություն է։ Պետք է նորից բացվի գյուղնախարարությունը, և նրա կողքին լինեն մի քանի բանկեր, որոնք միայն գյուղացիներին պետք է վարկեր տրամադրեն ամենացածր տոկոսադրույքով։
Ամբողջ աշխարհում գյուղատնտեսական վարկը ամենացածր տոկոսն է, իսկ Հայաստանում էնքան բարձր է, որ մարդը սաղ կյանք պարտքերի տակ է մնում կամ էլ տունն է գրավ դնում»։
ԲՀԿ առաջնորդը շարունակելով վարկի թեման ՝ հարցրեց ներկաներին. «Մարդ կա՞ ստեղ, որ վարկի տակ չի», ինչին ի պատասխան մեծ մասը նշեց, որ բոլորն էլ վարկեր ունեն։ Ծառուկյանը, որպես լուծում առաջարկեց, որ նման ճգնաժամից հետո պետությունը պետք է փակի ժողովրդի վարկերը և նրանց ազատի այդ բեռից:
«Ամբողջ աշխարհում պետությունը իր քաղաքացիներին 5-10 հազար դոլար գումարներ են տրամադրել, իսկ այստեղ պետությունը ոչ մի աջակցություն չի արել, ուրեմն պետք է քայլ անել, որ ժողովրդի մինչև 3 միլիոն դրամ վարկերը ներվեն և մարդիկ ոտքի կանգնեն։
Մեր ժողովրդի դեմքից ժպիտը կորել է։ Այսօր Ծառուկյանը ինչ որ ասում է՜ իրական կյանքից է ասում, ոչ անգիր եմ արել, ոչ էլ գրած խոսքեր են, դրանք տեսել եմ մարդկանց հետ շփվելուց։ Այս ծանր վիճակում բոլորս պետք է լինենք միասին, ոչ թե սև ու սպիտակ որոշեն։ Ազգի մեծ մասը վարկի տակ է, իսկ այդ վարկը ընդհանուր կազմում է 1 միլիարդ դոլար, և պետությունը պետք է քայլ կատարի և մարդկանց ազատի այդ բեռից, որ մարդկանց դեմքին ժպիտ գա։ Առանց դրա անհնար է առաջ գնալ»։
Ծառուկյանի համոզմամբ՜ անծայրածիր անտառներ ունենալու փաստը պետք է օգտագործել փայտամշակման ոլորտը զարգացնելու համար.
«Աստված մեզ ինչ հնարավորություն տվել ա պետք է օգտագործել։ Երբ ես տեսնում եմ այդ անծայրածիր անտառները՜ զարմանում եմ, որ մարդկանց չեն թողնում փայտամշակմամբ զբաղվել, բայց ո՞նց կարելի է։ Ամբողջ աշխարհում ընդունված է որոշ տեղերում հատումներ անել և նոր ծառեր տնկել, հնարավորություն են տալիս մարդկանց աշխատելու, եթե անծայրածիր անտառներ են, մարդիկ չեն կարում փայտամշակմամբ զբաղվեն՝ պետք է ծրագիր լինի, որ հին ու վնասված ծառերը թույլ տալ կտրել օրենքով»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ