Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է իր որոշումը Եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստան» գործով վճռի կատարողականի վերաբերյալ:
Պատգամավորները հիշեցրել են, որ գործը հիմնականում վերաբերում է անազատության մեջ պահվող և ծանր հիվանդություններով տառապող անձանց համարժեք բժշկական օգնության հասանելիության բացակայությանը: Այդ համատեքստում նրանք մատնանշել են բանտերի առողջապահական համակարգի բարեփոխումները, մասնավորապես, «Քրեակատարողական բժշկության կենտրոնի 2019 թ. գործունեության մեկնարկը և դրա անձնակազմի և գործառնական կարիքների բավարարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: Նաև խրախուսել են իշխանություններին շարունակել իրենց ջանքերը Կենտրոնի արդյունավետ գործունեությունն ապահովելու ուղղությամբ, ներառյալ աշխատանքային համապատասխան պայմանների, սարքավորումների տրամադրման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և մասնագիտական զարգացման պատշաճ քաղաքականության լիարժեք ապահովմամբ և այդ մասին տեղեկացնել կոմիտեին:
Պատգամավորներն, այնուամենայնիվ, ընդգծել են, որ համապատասխան դեղորայքի հասանելիությունը շարունակում է մնալ բանտերի առողջապահության համակարգի մշտական մարտահրավերներից մեկը և իշխանություններին կոչ են արել կոմիտեին տեղեկացնել դեղերի մատակարարման բարելավման նոր մեխանիզմի ներդրման հարցում առաջընթացի և գործնական ազդեցության մասին:
Պատգամավորները ողջունել են ենթաօրենսդրության հետագա փոփոխությունները, մասնավորապես ՝ քրեակատարողական բժշկական օգնությունը քաղաքացիականին մոտեցնելու, ինչպես նաև կալանավորվածներին քաղաքացիական բժշկական հաստատություններ ուղեգրելու քաղաքականության և ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ, և դիմել է իշխանություններին ՝ խնդրելով հատուկ տեղեկատվություն տրամադրել այդ միջոցառումների իրական ազդեցության մասին:
Կարդացեք նաև
Պատգամավորները իշխանություններին հրավիրել են տեղեկություն տրամադրել բոլոր առկա խնդիրների վերաբերյալ մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ