ՀՀ 1-ին նախագահն ասում է՝ Քոչարյանն այն ժամանակ չէր էլ բողոքում, երբ ինքը Ելցինի, Շիրակի կամ ավագ Բուշի հետ խոսում էր արցախյան հակամարտության կարգավորման մասին
Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախը, որպես կողմ, բանակցություններից դուրս է մղվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Նա իր ասածը հիմնավորելու համար նշեց, թե 1997 թվականին Տեր-Պետրոսյանը չորս անգամ բանակցային հանդիպումներ է ունեցել առանց Արցախի ներկայացուցչի՝ մեկ անգամ Մոսկվայում՝ Ելցինի միջնորդությամբ, մեկ անգամ՝ Ստամբուլում՝ Դեմիրելի միջնորդությամբ, մյուս անգամներն էլ Ստրասբուրգում եւ Քիշնեւում։ Այսօր ՀՀ 1-ին նախագահն ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հայտարարությանն, ասաց՝ բայց ինչո՞ւ չորս անգամ, միլիոն անգամ եմ բանակցություններ ունեցել առանց Արցախի։
«Երբ ես գնում էի եւ Ելցինի հետ հանդիպում էի, չպիտի՞ խոսեի Ղարաբաղի հարցի մասին։ Իմ գործընկերը Ելցինն էր, ինչ կուզեք՝ կասեք, ինչքան միջնորդներ, բաներ կան, նախագահն է որոշում։ Այո, ամեն անգամ իմ գլխավոր թեմաներից մեկը եղել է խոսել Ղարաբաղի մասին։ Շիրակի հետ, որ խոսում էի, Միտերանի հետ, Բուշ ավագի հետ, Քլինթոնի հետ, բա ի՞նչ պիտի անեի։ Այդ ինչ զարմանալի հանելուկ է գտել Ռոբերտ Քոչարյանը, ինքն էլ է տասը անգամ առանց Ղարաբաղի գնացել հանդիպել է, Ելցինի, Շիրակի եւ մյուս նախագահների հետ։ Սա սովորական բան է, ինքն էլի մանիպուլյացիա է անում»,-ասաց պարոն նախագահը։
Նրա խոսքով․«Լսեք, Ղարաբաղյան կարգավորման գործընթացի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն էր, ուրիշ ոչինչ։ Իսկ Ղարաբաղը այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում, եւ եթե չընթանային՝ ոչ մի բան չէր ստացվի։ Մի բան էլ են ասում, իբր թե Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուլուզադեի հետ։ Այո, այո, խոսել են, դա բանակցություն չէ։ Բանակցությունն այն է, երբ այդ մարմինը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել, ասենք՝ գոնե շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները եւ այլն։
Կարդացեք նաև
Փոխանակ այդ քայլը քաջալերեին․․․ ասեմ՝ միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ չէր էլ բողոքում, բացարձակապես, չկա այդպիսի բան։ Հետին թվով հիմա մի պատրվակ է գտել, իբր թե Ղարաբաղին բանակցության կողմից հեռացրել են Ժիրայր Լիպարիտյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Կրկնում եմ՝ Ղարաբաղի հարցը քննվում էր համանախագահության ատյանում, այդտեղ էր, որ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը գտնվում էին հավասար վիճակում, հավասար՝ վերջնական վճիռ կայացնելու։ Դրանցից որեւէ մեկի վետոն արգելափակում էր հարցի կարգավորումը։ Եւ Ղարաբաղը մի քանի անգամ այդ վետոն կիրառեց»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ