Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանի հետ այսօրվա բանավեճի ժամանակ հետաքրքիր զրույց ծավալվեց:
-Քարոզարշավի ժամանակ ընտրողներին պետք է ներկայացնել կոնկրետ հաշվետվություններ եւ ծրագրեր: Ձեր կուսակցությունը այս մի քանի օրերի ընթացքում ծրագիր ներկայացրե՞լ է:
-Իհարկե, մենք ծրագիր ունենք:
-Այն, որ գյումրեցիներին ասվեց, որ իրենք ստեղծագործ ժողովուրդ են եւ Գյումրիում տների գները շուտով բարձրանալու են, դա ծրագի՞ր է:
Կարդացեք նաև
-Երբ թանկացում է լինում եւ պահանջարկ է լինում, դա վատ բան չի:
-Դա ծրագի՞ր է:
-Դա ծրագիր չի: Այդ մարդը իր կարծիքն է հայտնել: Ես դա չեմ էլ լսել: Բայց ծրագիրը փաստաթղթավորված, սեղմ վիճակում ներկայացվել է:
Այստեղ միջամտեց Արա Պապյանը:
-Ինչի՞ պետք է Գյումրիում տների գինը բարձրանա: Պահանջարկը ինչի՞ պետք է աճի:
-Որ արտագաղթը կանգնի. մարդիկ ապրեն իրենց Գյումրիում:
-Թե՞ պայմանավորված նրանով, որ սահմանը բացեն, թուրքական բիզնեսը մտնի Հայաստան եւ սկսեն Գյումրիում անշարժ գույք գնել: Ինչպես եղավ Բաթումիում:
-Թուրքական բիզնեսը երբեք այն որակով, որ մտել է Վրաստան, այդ ձեւով Հայաստան չի մտնի, որովհետեւ եթե որեւէ քաղաքական ուժ այդպիսի գործընթացով առաջնորդվի, դա Հայաստանի գերեզմանը փորելու առաջին քայլը կլինի:
Արա Պապյանը այս խոսքերին արձագանքեց. «Եկեք ֆիքսենք այս ձայնագրությունն այս պահին, որովհետեւ մենք շուտով ականատես ենք լինելու լրիվ հակառակ քաղաքականությանը ՔՊ-ի կողմից»: Հովիկ Աղազարյանը դեմ չեղավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ