Վերջին տարիներին ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում առանձնապես տեսանելի չէր, սակայն նրա հնչեցրած թեկուզ մի քանի տող խոսքն իսկույն արձագանքի էր արժանանում՝ սկսվում էր տողատակի փնտրտուքը:
- Երկու և կես տասնամյակ առաջ սկիզբ առած բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին ՀՀ առաջին նախագահի հասցեին՝ էլեկտրականությունը հողանցող, մազութը լափող, երկիրը թալանող, թուրքամետ, Ղարաբաղը ծախող… մեկը: Այսօր էլ նրա հասցեին հնչում են անգամ պետական դավաճանության աստիճան մեղադրանքներ: Ինչն է զարմանալի, որ այդ ամենը Հայաստանի առաջին նախագահին ամենևին չեն զայրացնում, մի բան էլ ավելին՝ համարում է սովորական և օրինաչափ: Սակայն զավեշտալին այն է, որ այդ մեղադրանքների ստուգումների արդյունքում ամեն ինչ փուչ է դուրս գալիս:Երկու և կես տասնամյակ պետք եղավ, որ հանրությունը հասկանար, թե որքան հեռուն է տեսնում, դիվանագիտորեն որքան ճկուն է գործում, որքան զուսպ և համբերատար է այս եզակի պետական այրը: Ի դեպ, Հայաստանի առաջին նախագահին լավ ճանաչողները պնդում են, որ նախագահը, որպես երկրի ամենափորձառու դիվանագետ, խիստ է սկզբունքային: Հենց այդ սկզբունքայնությամբ էին պայմանավորված միջազգային իրավունքի գործող նորմերով մշակված Հայաստանանպաստ, Ղարաբաղանպաստ օրինակարգ քաղաքական քայլերն:
- Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների պետականաշինական գրագիտությունն ակնհայտորեն այլ չափորոշիչներով է ձևավորվել: Իսկ, հանրության մի մասին այն դուր է գալիս, մյուս մասին՝ զայրացնում:
- ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն այդպես էլ մնացին ֆիդայական մտածողությամբ, ավելի ստույգ՝ ոչ մի թիզականության տրամաբանության բեռի տակ: Նրանք չհասկացան, որ «նվաճման իրավունքը» գործել է միջնադարում: Չհասկացան, որ նորագույն ժամանակներում քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, գործարքը հաջողված է համարվում, երբ շահում են երկու կողմերը: Իսկ երբ շահում է միայն մեկ կողմը, ապա գործարքը հաջողված կամ տևական չի լինում: Ի վերջո՝ ժամանակակից աշխարհից պահանջել ավելին, քան կարող է տալ, չգիտակցել, որ Ղարաբաղի խնդրում Հայաստանը (գործնական առումով) դաշնակից չունի՝ հանգեցրեց պատերազմի:
- Ստեղծված իրավիճակում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների գրագիտությունն աներկբայորեն ցածր է անգամ քաղաքական գործչի համար սահմանված նիշից:
Ակնհայտ է, որ բացառիկ իրավիճակ է ձևավորվել Հայաստանում, որից բխում է, որ Քոչարյան-Սարգսյան տանդեմի և Ալիևների գերդաստանի միջև ինչ-որ նմանություններ կարող են պարզվել:Թեև Ալիևների գերդաստանը, Քոչարյան-Սարգսյան տանդեմը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են, այնուհանդերձ նրանք միասին վերցրած, միևնույն քաղաքական էթնոսի ներկայացուցիչներ են:
- Արդեն ձանձրալի է, երբ Հայաստանի գործող ղեկավարի հասցեին հնչում են նույն տիպի, որակի մեղադրանքներ՝ դավաճան, հողատու, կաշառակեր, թալանչի….Կարծես Հայաստանի բոլոր առաջին դեմքերի ախտորոշումներում Աստծո մատը խառն է:
Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի, Սերժի նման ո´չ կաշառակեր է, ո´չ թալանչի է, ո´չ հողատու է, ո´չ արյունարբու է, բայց պետության ղեկավարի համար սահմանված նշաձողին չի ձգում ո´չ քաղաքական, ո´չ դիվանագիտական, ո´չ պետական առումներով:
Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆ