«Զինել եւ պարբերաբար պատրաստել սահմանամերձ բնակչությանը: Սպառազինել բանակը բարձր տեխնոլոգիական, արդյունավետ եւ արագաշարժ տեխնիկայով, զենք ու զինամթերքով՝ հեռահար գերճշգրիտ հարվածային զինատեսակներով ու ժամանակակից ՀՕՊ համակարգերով»,-սա հատված է «Ազգային օրակարգ» կուսակցության նախընտրական ծրագրից:
Կուսակցության պատասխանատուները խոստանում են՝ իշխանության գալու դեպքում օրակարգում լինելու է «հայը եւ հայության անվտանգությունը»: Կուսակցությունը գտնում է, որ հայը պետք է պաշտպանված լինի աշխարհի ցանկացած կետում:
Նախընտրական ծրագրի կարեւոր կետերից է՝ հայրենիքի պաշտպանության հարցը: Նրանց համոզմամբ, նախ՝ զինվորական ծառայության գործը պետք է հռչակել ամենապատվաբեր եւ պետության համար գերակա առաքելություններից մեկը:
Ռազմարդյունաբերության ոլորտում էլ «Ազգային օրակարգը» գտնում է՝ պետք է իրականացնել հետազոտությունների առաջանցիկ ֆինանսավորում. «Վերականգնել կադրային զորամասերը, կազմակերպել պարբերական հավաքներ՝ ներգրավելով մոբիլիզացիոն ռեսուրսն՝ ըստ զինվորական մասնագիտությունների: Պայմանագրային զինծառայողների համար սահմանել բարձր որակական պահանջներ, միաժամանակ ապահովելով շուկայական միջինից բարձր վարձատրություն: Ապահովել հիմնական զինվորական մասնագիտությունների գծով բարձրորակ կրթություն, պայմանագրային զինծառայողների համար՝ պարբերական պատրաստություն»:
Կարդացեք նաև
Կուսակցության ծրագրի կետերից մեկն էլ կիբեռանվտանգության մասնագիտացված զորքեր ստեղծելու վերաբերյալ է:
Կուսակցությունը խոստանում է, որ օրակարգում լինելու է ազգային անվտանգության ծառայողի հայկական դպրոց հիմնելու հարցը, որպեսզի համապատասխան գերատեսչությունները համալրվեն բացառապես հայկական կրթությամբ քաղաքացիներով:
Ծրագրային դրույթներից մեկով էլ կուսակցությունը պատրաստվում է ներդնել օրենսդրական կառուցակարգեր՝ օտարերկրյա ազդեցության գործակալներին կարգավիճակ տրամադրելու եւ նրանց գործունեությունը սահմանափակելու համար:
«Ազգային օրակարգ»-ը Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը դարձնելու է նախաձեռնողական. գործունեության հիմնական ուղղությունները լինելու են հետախուզությունը, հակահետախուզությունն ու ահաբեկչության դեմ պայքարը: Ոստիկանությունն ապաքաղաքականացնելու նպատակով էլ փոփոխելու են ոստիկանության կարգավիճակը՝ այն դարձնելով ներքին գործերի նախարարության մաս, որն հաշվետու է Ազգային ժողովին:
Քաղաքացիական պաշտպանության համակարգը նույնպես կուսակցության թիրախում է. նախ՝ արդիականացնելու են, հետո քաղաքաշինական ոլորտում ստեղծելու են պաշտպանական կառույցների՝ ապաստարաններ, հակաճառագայթային եւ պարզագույն թաքստոցներ ապահովող կառույցների իրավական հիմքերը: «Արդիականացնել եւ ապակենտրոնացնել պետական ռեզերվների պահեստները, ապահովելով ռազմական դրության ժամանակ լոգիստիկ խնդիրների լուծման օպերատիվությունը»,-նշված է կուսակցության ծրագրում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ