Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Կասկածում եմ, որ նոր խորհրդարանը ամբողջական ժամանակահատված կաշխատի»

Հունիս 10,2021 16:57

Այսօրվա բանավեճում Արա Պապյանը, որն ԱԺ արտահերթ ընտրություններում աջակցում է «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությանը, մեկնաբանեց, թե ինչու է սատարում այդ ուժին: «Չի կարելի անընդհատ նույն բանը անել եւ ակնկալել այլ արդյունքներ: Կուսակցությունների մեծ մասը ապավինում է մեր անվտանգության հարցը Ռուսաստանին, որը բացահայտ ցույց է տվել, որ ձախողել է: ՀԱՊԿ-ը եւս: Այն երկրները, որոնք մատակարարում էին եւ այսօր էլ են զենք վաճառում Ադրբեջանին եւ ընդհանուր շահեր ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, չեն կարող մեր դաշնակիցը լինել, որովհետեւ դաշնակցությունը խարսխվում է ընդհանուր շահերի վրա»,-ասաց նա:

Արա Պապյանի կարծիքով՝ այսօր մեր եւ Ռուսաստանի շահերը հակոտնյա են: Հետեւաբար, մեր միակ այլընտրանքը Արեւմուտքին դաշնակցելն է, հատկապես Միացյալ Նահանգներին: «Կհաջողի, թե ոչ, ծանր, դժվար հարց է: Կհաջողե՞նք՝ երկիրը ապագա կունենա, չե՞նք հաջողի՝ երկիրը ապագա չի ունենա: Հետեւաբար, այսօր Հայաստանի ինքնիշխանության պահպանման օգտին հանդես են գալիս եւ հստակորեն արտահայտվում են, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, որոնք գործընթացի մեջ ուզում են ներառել Իրանին եւ ունենալ Իրան-Հայաստան-Վրաստան առանցքը ի հակադրություն Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքի: Այստեղ երկրի ճակատագիր է լուծվում, քաղաքական մեծ փոփոխություններ են տեղի ունենում, Հնդկաստան-Չինաստան մրցակցություն է: Սրանցով է Հայաստանի ճակատագիրը որոշվում, մնացածը մանրուք է: Կարեւոր է, թե մենք կկարողանա՞նք, արդյոք, ձեւավորել անվտանգության նոր հնարավորություններ մեր երկրի համար: Այս պատուհանը բավականին կարճաժամկետ է լինելու: Ես նկատի ունեմ առավելագույնը կես, կամ մի տարի: Իմիջիայլոց, կասկածում եմ, որ նոր խորհրդարանը ամբողջական ժամանակահատված կաշխատի: Սա եւս վաղաժամ ընտրություններով ընդհատվելու է, որովհետեւ այս խորհրդարանը, միեւնույն է, չի արտահայտելու այն քաղաքական տրամադրությունները, ինչ կա ժողովրդի մեջ»,-ասաց Արա Պապյանը:

Բանավիճող կողմ Հովիկ Աղազարյանի հարցին, թե ինչ կասի խորհրդարանական եւ նախագահական համակարգերի մասին, Արա Պապյանը պատասխանեց. «Ես միշտ հանդես եմ եկել ժողովրդին երկու մանդատ տալու լիազորության օգտին: Այսինքն, առանձին՝ նախագահի եւ առանձին՝ խորհրդարանի ընտրություն: Մեզ համար նախագահական, գոնե կիսանախագահական կառավարման ձեւը շատ ավելի նախընտրելի է: Ներկայումս ստացվում է, որ հաղթող կուսակցության ղեկավարը ամեն ինչ է՝ եւ վարչապետ է, եւ իր կուսակցության միջոցով ղեկավարում է օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը: Հակակշիռները խախտված են, չկան: Օրենսդիրն ու գործադիրը խառնվում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930