ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 30 տարվա ընթացքում աշխատել է եւ շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման:
ԱԳՆ փոխնախարարների հրաժարականների դիմումների առնչությամբ էլ ասաց՝ ձեզ դրդապատճառները հայտնի են:
Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ իր դիմումը հետ չի վերցրել, եւ որ պետք է կառավարության պատասխանատուներից ճշտել՝ ինչո՞ւ դիմումը չի ընդունվել. «Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, որոնք այս պահին բավարարվել են մասնակի»,-ասաց նա:
Հարցին, հրաժարականները կապ ունե՞ն այն փաստաթղթի հետ, որի մասին Փաշինյանն ասել էր, թե ստորագրելու է, Արմեն Ղևոնդյանն ի պատասխան ասաց. «Ընդհանուր պետք է դիտարկել այս վիճակում արտգործնախարարության դերակատարումը եւ գործառույթները: ԱԳՆ-ն 25-30 տարվա ընթացքում աշխատել է եւ շարունակում է աշխատել հօգուտ մեր ազգային շահերի իրականացման»:
Կարդացեք նաև
Ճշտող հարցին՝ ի վերջո հրաժարականի պատճառը ո՞րն է, նա պատասխանեց. «Նույն դրդապատճառով, ինչ բոլոր գործընկերները, մենք ասել ենք, որ ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականությունում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ