«ՀՀ-ում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը՝ բավականին բարձր պաշտոնյա։ ԼՀԿ անունից փոխանցել ենք նամակ, որում առկա է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ցուցակը։ Դրանք այն անձինք են, որոնց հանդեպ արեւմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի, սառեցնի նրանց միջոցները, արգելի նրանց մուտքն արեւմտյան երկրներ, որպեսզի նրանք հայ ռազմագերիներին վերադարձնեն ու որպեսզի ՀՀ սուվերեն տարածքից հետ քաշեն զորքերը»,-Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ երբ արեւմուտքը ցանկանում է պատժել որեւէ բռնապետական ռեժիմի, որը թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, դա հնարավոր է լինում պատժամիջոցների տեսքով․ «Վստահ եմ, որ եթե ալիեւյան կլանի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն, ռազմագերիներին կվերադարձնեն, մեր սահմաններից էլ դուրս կգան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ