Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում ենք ռազմաքաղաքական ուժ, չենք ակնկալում, որ բոլորը պետք է համազգեստ հագնեն». «Վերելքի» փոխնախագահ

Հունիս 10,2021 14:35

«Եթե խոսում ենք պետության անվտանգության մասին, ապա պետք է գիտակցենք, որ դա մի կառույցի գործ չէ, այլ համալիր աշխատանք է, որտեղ պետք է ներգրավված լինեն բոլոր ներկայացուցիչները: Մենք ռազմաքաղաքական բնույթի կուսակցություն ենք, ռազմաքաղաքական, որովհետեւ կուսակցական կորիզը կազմում են պահեստազորի զինծառայողներն ու մտավորականները:

Մեր կուսակցության առաջնորդը` պարոն Մինասյանը, լինելով նախկին զինծառայող, շատ լավ գիտակցելով բանակի հետ կապված բոլոր հարցերը` հիմնականում խնդիր է դրել ապահովել պետության անվտանգությունը բոլոր ոլորտներում: Այդ պատճառով մեր կարգախոսն է «Միտք, միասնություն, ուժ»,- «Հայացք» ակումբում նշեց «Վերելք» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արտակ Հարությունյանը:

Ընդգծեց. «Երբ ասում ենք ռազմաքաղաքական ուժ, չենք ակնկալում, որ բոլորը պետք է անպայման համազգեստ հանգեն, շարքով քայլեն, հավսար զգաստով… Ուղղակի պետք է հասարակության մեջ մտցնել այն գիտակցումը, որ գոյություն ունի կարգապահություն, եւ զինվորականի առաջնային զենքը հենց կարգապահությունն ու պատասխանատվության զգացումն է»:

Պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանն անդրադարձավ զինծառայողների սոցիալական ապահովության խնդրին, ասաց, որ այդ հարցն իրենց կուսակցության առաջնահերթություններից է: Հավելեց, որ մի շարք սոցիալական շարժումներ արդեն դիմել են իրենց կուսակցությանը, «Վերելքն» էլ ստանձնել է պարտավորվածություն` աչալուրջ լինել նշյալ հարցերի նկատմամբ: Արսեն Վարդանյանը նաեւ հավելեց, որ պատրաստվում են բացահայտել դաշտում առկա հնարավոր կոռուպցիոն սխեմաները եւ պատժել կոռուպցիայի հետ կապ ունեցողներին:

Ասուլիսին ներկա էր նաեւ պահեստազորի փոխգնդապետ, անկուսակցական Սեմյոն Բաբայանը, որը մի քանի խնդիրներ էր առանձնացրել: Նա ասաց, որ կանգնել է «Վերելքի» կողքին` հասկանալով, որ այդ ուժն ի զորու է որոշումներ կայացնել սոցիալական ծանրացած խնդիրների վերաբերյալ եւ լուծել դրանք:

Նա նշեց, որ 2005թ-ից Աշխատանքային օրենսգրքի ոչ կատարյալ լինելու պատճառով առայսօր կան չվճարված եւ սխալ հաշվարկված արձակուրդներ, ինչպես նաեւ 2010թ.-ից գործող Զինծառայողների սոցիալական ապահովման մասին օրենքում կան ծանրացած խնդիրներ:

«Գաղտնիք չէ, որ զորացրված սպան՝ ունենալով կառավարչական ջիղ, ունակություններ եւ մեծ փորձ, այսօր դուրս է մղված կառավարման համակարգից»,-մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնեց Սեմյոն Բաբայանը եւ բերեց իր օրինակը:

Նրա խոսքով. «Ներկա նախարարություններում բացի խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքից, գործում են աշխատանքի անցնելու այլ անհասկանալի սկզբունքներ եւս: Դիմելով տարբեր նախարարություններ, տեսել եմ, որ մրցույթները շատ դեպքերում կարող են չարտահայտել իրական պատկերը, որով տվյալ պաշտոնին պետք է նշանակվի այն անձը, որն էլ համապատասխանում է` ըստ գիտելիքների եւ ունակությունների: Ներկայումս կան բազմաթիվ զինծառայողներ, որոնք կուզենային աշխատել կառավարման համակարգում, եւ այս խնդիրը նույնպես «Վերելք» կուսակցության միջոցով կուզենայի լուծվեր օրենսդիր իշխանությունում ներկայացված լինելու դեպքում»:

Արտակ Հարությունյանի խոսքով, ցավոք մեր հասարակությունը անվտանգությունը դիտարկում է միայն համազգեստի մեջ, անվտանգություն ասելով` մարդիկ պատկերացնում են միայն ազգային անվտանգության ծառայությունը` մոռանալով, որ ընդհուպ մինչեւ մանկապարտեզներ, անվտանգության հարցեր կան. «Մենք անվտանգություն ասելով` նկատի ունենք բոլոր ոլորտները` ներառյալ պարենային անվտանգությունն ու կրթությունը: Ամեն ինչ պետք է դիտարկվի ազգային անվտանգության տիրույթում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930