Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, դրանց հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը. Անահիտ Ավանեսյան

Հունիս 10,2021 14:22

«Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, եւ դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողման համար կրել են պատասխանատվություն»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զոհված զինվորների մարմինների պահպանման պայմանների աղմկահարույց դեպքին:

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս եւ արդյոք կարծում է, որ միայն ներողություն խնդրելը բավարար է, տիկին Ավանեսյանն ասաց.
«Ես պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, եւ այո, կրելով պատասխանատվություն, ներողություն եմ խնդրել: Եվ գիտեք, պիտի դա էլ մտնի մեր մշակույթի մեջ: Երբ որ կատարվում է ոչ պատշաճ բացթողում քո համակարգում, պիտի վերցնես քո վրա պատասխանատվություն: Հարկ եմ համարել ներողություն խնդրել: Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետեւ կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում, եւ իմ պատասխանատվությունն է դրա հետեւանքները ճիշտ օրենքի շրջանակներում իրականացնել»:

Անահիտ Ավանեսյանը նաեւ ասաց, որ եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունն իր վրա կվերցնի պետությունը: Նրա խոսքով, դիակները չեն կարող երկար ժամանակ պահպանվել դիահերձարաններում, անգամ սառնարաններում: Այս ցավոտ հարցը լուծելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում. «Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման եւ հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, որոնք անհեռանկար ձեւով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաեւ հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետեւ որեւէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը»:

Նախարարն ասաց, որ քննարկումներ են ընթանում պաշտպանության նախարարության հետ եւ ցանկալի է ընդգրկել նաեւ եկեղեցու ներկայացուցիչներին, որպեսզի համատեղ քննարկման արդյունքում գտնեն այս իրավիճակի լավագույն ելքերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930