Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն խոստանում է մարել մինչեւ 3 մլն դրամ գյուղատնտեսական ու սպառողական վարկերը. Միքայել Մելքումյան

Հունիս 10,2021 14:09

ԲՀԿ ծրագրային դրույթներից ամենաքննարկվողը մինչեւ 3 մլն դրամ գյուղատնտեսական ու սպառողական վարկերի մարելու դրույթն է: Որոշ փորձագետներ այն պոպուլիստական են որակել։ ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մելքումյանն այսպես է որակում նման գնահատականները. «Այդպես որակողները, հավանաբար, այս իշխանության՝ մեր պետության կործանման գործին մասնակցում են: Նրանք նույնիսկ թվերը չգիտեն, չգիտեն թե Հայաստանում ինչքան վարկ կա, վարկառուին էլ վարկերի քանակից չեն տարբերում»:

Ըստ պաշտոնական թվերի, Հայաստանում կա մոտ 8 միլիարդ դոլարի վարկ: Մինչեւ երեք միլիոն դրամ վարկերի քանակը կազմում է մոտ երկու միլիոն միավոր վարկ: Դրանց մարման գումարը կազմում է 1,1 միլիարդ դոլար: Այն կազմում է բոլոր վարկերի մոտ 16 տոկոսը: Միքայել Մելքումյանը հստակեցնում է, որ իրենց առաջարկը չի վերաբերում բիզնես վարկերին, այլ միայն սպառողական վարկերի, գյուղացիական վարկերին, առողջապահական եւ ուսումնական. «Որոնք ունեն լայն սոցիալական նշանակություն»:

Իրենց առաջարկն էլ բացատրում է այսպես՝ համավարակի եւ պատերազմի արդյունքում մարդկանց եկամուտները էականորեն նվազել են, փոխարժեքի կուրսն է բարձրացել, գնաճն էլ իր հերթին. «Այսինքն, երկիրը ծանր վիճակում է: Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ձեռք մեկնի մարդկանց, քանի որ օբյեկտիվ պատճառներով նրանք չեն կարողանում վճարել: Բայց, որպեսզի մեկ տարի հետո մարդիկ նորից չհայտնվեն վարկային ծուղակի մեջ՝ մենք բոլորովին նոր տնտեսական քաղաքականություն ենք վարելու»:

Հարցին՝ իսկ ի՞նչ միջոցներով են պատրաստվում մարել այդ 1,1 միլիարդ դոլարը, երբ բյուջեում նույնպես գումարներ չկան, մասնավոր անձինք էլ դժվար թե նման բեռ վերցնեն իրենց վրա, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք ոչ Համաշխարհային բանկին ենք դիմելու, ոչ է Արժույթի միջազգային հիմնադրամին, իրենք չեն էլ տա նման գումար: Լսել եք հավանաբար, պարոն Ծառուկյանը բազմիցս ասել է 15-20 միլիարդ դոլար գումարի ներդրումներ կարող է ներգրավվել մեր հանրապետություն: Մեր 15-20 միլիարդ դոլարանոց ներդրումային ծրագրում այդ 1,1 միլիարդը նախատեսել ենք՝ կլինի մասնավոր ներդրողների հաշվին, տարբեր փոխառություններ, այդ թվում, պետական. այսինքն, մեկ աղբյուրից չի լինելու, ներառելու ենք տարբեր աղբյուրներ: Մեր ներդրումային փաթեթի ընդամենը 5 տոկոսն է կազմում այդ գումարը: Այո, արդյունքում կարող է պետական պարտքի տոկոսը 3-4 տոկոսով աճել, բայց դա էական չի, որովհետեւ մենք այնպիսի քաղաքականություն ենք վարելու, որը կհանգեցնի նախ նրան, որ մարդիկ կազատագրվեն եւ արդեն ներդրումներ բերելով այդ նույն մարդկանց համար՝ մենք կապահովենք աշխատատեղեր, որի միջոցով արդեն կսկսենք մարել»:

Մեր զրուցակիցը առաջարկում է հետհայացք գցել դեպի 1998-2000-ականներ, երբ 150-200 դոլարով ապահովվում էր չորս հոգանոց ընտանիքի սննդի ծախսը, հիմա, 600-800 դոլարով նույնիսկ դժվար կլինի այդ ծախսերը հոգալ. այս համեմատականի համատեքստում ավելացնում է, որ մարված վարկերի փոխհատուցումը նախատեսելու են 35-40 տարով, իսկ այդ ժամանակ 1,1 միլիարդը կարող է ընդամենը 150 միլիոն դոլար լինել: Նաեւ ասում է, որ միեւնույն է, եթե մարդը վարկի պատճառով կորցնի իր օթեւանը, պետությունը պետք է նրան նպաստ, ապաստան տա, սննդի հարց հոգա, այսինքն, ծախս անի, ուստի, այս պարագայում դիտարկվում է այդ ծախսի առավել արդյունավետ տարբերակը եւ հավելում, որ նման ծրագիրը պոպուլիզմ անվանողները պարզապես տարրական գիտելիքներից զուրկ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930