«Մենք քարոզարշավ ենք իրականացնում քաղաքական կոռեկտության սահմաններում, ինչը չես ասի իշխանության մասին։ Վերջինս առաջին իսկ օրից ընտրեց ատելության խոսքի, բռնության կոչերի եւ դեպի բախումների տանող ճանապարհը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը։
«Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնելու ոչինչ չունի։ Քաղաքացիական վրեժի կեղծ կոչերը պետք է սպառված համարել, որովհետեւ գիտակից մարդիկ արդեն հոգնել են երեք տարի շարունակվող կեղծիքից եւ ստախոսությունից»,-համոզմունք հայտնեց Խաչիկ Գալստյանը։
Նա անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակած ձայնագրությանը, որը, ըստ նրա, ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի տգիտությունը․ «Մարդ, որը խոստովանում է, որ ստիպված է իրեն գժի տեղ դնել, թռնել «կանվեյերից», թռնելով՝ ազգին տանել դեպի մսաղաց, որի հետեւանքով պատերազմում 5000 հայորդու թափված արյուն ունենք, կորսված տարածքներ, փախստականներ։ Սա այլեւս հանդուրժել չի կարելի»։
Կարդացեք նաև
Մեկնաբանելով ձայնագրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսակետը՝ Խաչիկ Գալստյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը կրկին դիմել է մանիպուլյացիայի օգնությանը․ «Ձայնագրությունը փաստում է, որ կային բանակցային գործընթացներ։ Փաստեմ, որ ՀՀ երեք նախագահների օրոք երբեւէ ՀՀ-ին չի ներկայացվել ավելի վատթար փաստաթուղթ, քան ունեցանք 44-օրյա պատերազմից հետո։ Որեւէ նախագահի օրոք այսպիսի ստորացուցիչ վիճակում չենք հայտնվել։ Սա է Նիկոլ Փաշինյանի թողած ժառանգությունը։ Ձայնագրությունը փաստում է՝ երկրի ղեկին էր մեկը, ով չփլախ էր դիվանագիտությունից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ