«Նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանը վերագտնի իր՝ կամրջողի առաքելությունը տարածաշրջանում, ինչը խաղաղություն և բարեկեցություն կբերի տարածաշրջանում»,-Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) «Նորարար ազգ-սթարթափ պետություն» ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նա նաև կարևորեց նպատակ դնելն ու դրա իրականացման հետևից գնալը, միևնույն ժամանակ նշեց. «Եթե մենք՝ որպես ժողովուրդ մեր առաջ յոլա գնալու տրամաբանությունն եք դնելու, մենք չենք կարող գոյություն ունենալ: Բայց եթե մենք մեր մեջ համարձակություն ունենանք թռիչքային զարգացման հավակնություններ ունենալ, խնդիրը լուծվելու է»:
ԱԺԲ-ի ծրագրի հիմքում է այն, որ ամբողջ ժողովուրդը պետք է նորարարության մեջ ներգրավվի: Գարեգին Չուգասզյանն ասաց. «Մենք կենսակերպի նոր մոդելների գեներատոր և տարածող պիտի դառնանք»: ԱԺԲ պատկերացմամբ՝ բացի սթարթափ պետություն լինելուց, նաև ցանցային տրամաբանությամբ պետք է դառնանք պետություն»:
Կարդացեք նաև
Զանգի ընկերության հիմնադիր, ԱԺԲ խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը կարևորեց հայապահպանության հարցը: Նրա բնութագրմամբ՝ այս հարցը հայկական դիսկուրսից դուրս է կարծես մնացել. «Պետական քաղաքականության խնդիր կա հայապահպանության հարցում: Ինչպես անել, որ մեր հայրենակիցները Հայաստանից դուրս մնան հայ և կրեն հայկական արժեքներ: Շատ ուժեր են խոսում ցանցային ազգ դառնալու մասին, բայց միայն մենք ենք, որ տալիս ենք դրա ճարտարապետությունը»:
ԱԺԲ-ի կարծիքով՝ դրան հասնելու համար պետք է կրթության ոլորտում հեղափոխական փոփոխություններ անել. կրթությունը, բժշկությունը դարձնել չորրորդ սերնդի արդյունաբերություն: Իսկ թե այս անցումային փուլում ինչպե՞ս պետք է համատեղեն ժողովրդավարությունն ու ուժային մոտեցումները, Վահրամ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ուժեղ մարդկանց թիմ ենք: Թույլ, կամքից զուրկ չենք, պատասխանատվություն վերցնող ենք: Մենք վերցնելու ենք անձնական պատասխանատվություն: Հետո մեզ հետ ինչ կլինի, կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից: