Կենսաթոշակը վճարելու կարգը կփոխվի: Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Ասաց, որ կառավարությունը կենսաթոշակ վճարելու կարգում փոփոխություն է կատարել, համաձայն որի` 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը Երեւանում, Վանաձորում ու Գյումրիում վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին, կամ, երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին:
Փոխնախարարն ասաց, որ նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի պայմանագրի օրինակելի ձեւը, որով հնարավոր կլինի կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարել նաեւ ազգային օպերատորի միջոցով: Ըստ նրա, կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ նախագծով առաջարկվում է սահմանել մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 1-ը: Մյուս քաղաքներում այդ սկզբունքը գործելու է 2022 թվականի հունվարի 1-ից: Հազարից ավելի բնակիչ ունեցող գյուղերում այդ համակարգին անցումը կկատարվի 2023 թվականից, իսկ հազարից քիչ բնակչից ունեցող գյուղերում՝ 2024 թվականից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ