Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել մի հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է, հողերը տվել է». Փաշինյան

Հունիս 10,2021 13:22

«Երեկ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել: Նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ականները սպառնում էին, որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու, այնպիսի կոմպրոմատ՝ ջախջախիչ: Եվ երեկ իրենք այդ կոմպրոմատ կոչվածը՝ ձայնագրություն հրապարակեցին: Ես ինչքան հետեւել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա այս ձայնագրությունով չհասկացանք՝ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ տա»,- այսօր Լոռու մարզի Սպիտակ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը:

Նրա խոսքով՝ հանրության հարցը շատ լեգիտիմ է, որովհետեւ այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին եւ ամբողջությամբ հիմնավորում է իրենց այն դիրքորոշումները, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել են ժողովրդին. «2018-ի մայիսին Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացը մենք՝ ես, ժառանգել եմ փակուղային դեֆորմացված վիճակում: Եվ ո՞րն է եղել ամենակարեւոր պրոբլեմը այդ պահի դրությամբ՝ եղել է այն, որ միջնորդները, հետագա զարգացումների եւ կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ ըստ էության արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Բայց շատ կարեւոր է արձանագրել, որ դա 2018-ին չի, որ տեղի է ունեցել, այլ՝ շատ ավելի վաղ: Ես խոսել եմ 2016-ի հունվարի իրադարձությունների մասին: Այդ ժամանակ ես վարչապետ չէի, միջնորդները Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւ, հետո գոյություն ուներ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւ, 2016-ի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւը: Եվ մենք 2018-ի բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց բանաձեւը: Շատ կարեւոր է արձանագրել, որ միջնորդները եւ միջազգային հանրությունը, ըստ էության, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը, ըստ էության մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները՝ ոչ մի բանի դիմաց»:

Փաշինյանը նշեց, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձեւն ունեցել է «5+2» տեսքի բանաձեւ, իրականում «5+2» գոյություն չի ունեցել, այդ 2-ը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը ֆորմալ առումով պիտի զիջվեր հետագայում այդ լուծումը Ադրբեջանին ընդունելի դարձնելու համար. «Եթե կարձանագրենք, թե իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018-ի մայիսի դրությամբ, առաջինը՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց, երկրորդը՝ ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ ԼՂ: Որ վերադառնային, որտե՞ղ էին ապրելու՝ սարերում ու անտառներո՞ւմ: Այնտեղ, որտեղ եւ ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Հետո՞ ինչ: Հետո՝ ոչ մի բան: Կապրենք՝ տեսնենք: Իսկ հետո, երբ որ ապրում ու տեսնում ենք, տեսնում ենք Նախիջեւանը: Սա է ամբողջ պատմությունը: Երբ որ ես ամենատարբեր ձեւակերպումներով, հաշվի առնելով պատերազմի ծանրությունը, մեր բազմաթիվ զոհերի առկայությունը, ես ամենատարբեր ձեւերով ինքս ինձ էլ, ձեր առաջ էլ պատասխանատու եմ՝ մի հարցի պատասխանելու համար՝ արդյոք կար մի պատուհան, մի հնարավորություն, որ մենք որեւէ փոխզիջումային լուծման գնանք ու խուսափենք այդ ամեն ինչից»:

Երեկ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել ու շնորհակալություն էր հայտնել Սերժ Սարգսյանին՝ ձայնագրությունը հրապարակելու համար: Փաշինյանի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս, որ իրենք ամբողջ խոսակցությունը բացեն. « Ինչի մասին էր այդ խոսակցությունը՝ միջնորդները, որ բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության ձեւակերպել են Ադրբեջանի մոտեցումը եւ վեկտրալ ուղղությունը՝ որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում»:

Հետո Փաշինյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության դիմաց համաձայնել է Ղարաբաղը դուրս թողնել բանակցային սեղանից անդառնալիորեն, հետո Մեղրիի տարբերակն է բերել. «Հիմա կարող ենք ասել, որ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանն իրենց կյանքերի գնով փրկեցին Մեղրին: Եվ 1999-ի նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը կողմ քվեարկեց Եվրոպայում անվտանգության ստամբուլյան կոնվենցիային, որը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ լինել Ադրբեջանի կազմում: Սա է ամբողջ ճշմարտությունը»:

Փաշինյանն ասաց, որ երեկվանից մտածում է, գործընկերների հետ քննարկում է Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը. «Ասում եմ՝ լավ, մի հատ ասեք՝ այս ձայնագրությունն ինչի՞ համար է հրապարակել այդ մարդը, ինչի՞ համար: Ահա 3 տարի մենք մեր ուժերի ներածին չափով պայքարել ենք, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա: Այդ ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել մի հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է, հողերը տվել է, բա ի՞նչ եղավ այդ 5 մլրդ-ը, հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, ժողովուրդ, հողերը չտալո՛ւ մեջ են մեղադրում: Իրականում ամեն ինչ այսպես է գնացել ու կարող էր չգնալ, եթե մենք 2016-ի եւ 2018-ի դրությամբ ունենայինք որակապես այլ սպառազինությամբ, այլ մակարդակով օժտված բանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930