Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարություն 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ հաստատված ցանկից հանել՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք» հասցեները։
Ինչպես նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վերոնշյալ որոշման հավելվածում նշված մի շարք տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է ճանաչվել օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից պետք է վերանային առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, և որի փոխարեն նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, նախատեսվում էր ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:
«Նշված նպատակների իրագործման համար ձեռքբերողը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետք է սկսեր սեփականության օտարման գործընթացը, որը, ըստ նշված որոշման, չէր կարող ավելի ուշ լինել քան 2015թ. հունվարի 1-ը, իրականացներ ձեռք բերվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում, ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան քայլեր ուղղված օտարման նպատակի իրագործմանը, այն է՝ քաղաքաշինական համապատասխան գործընթացների մեկնարկելուն: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ 2013թ-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել:
Ըստ Արմեն Ղուլարյանի, հիմք ընդունելով վերոգրյալը, կարելի է արձանագրել, որ օտարման նպատակի իրագործումը սահմանված ժամկետում չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարևորագույն պայման է և օրենքի խստագույն պահանջ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած՝ սույն որոշմամբ նշված տարածքների ձեռքբերող ճանաչված անձը արդեն իսկ հանդիսանում է դրանց մի մասի սեփականատեր՝ օրենքով սահմանված կարգով, միևնույն ժամանակ նույն որոշման հավելվածում նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերվել, այդ հասցեներում գտնվող գույքի նկատմամբ ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հնարավոր հանրության շահի առկայության հարցը, այդ թվում՝ վերջինիս գերակայությունը»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Կարդացեք նաև
Նա նշել է նաև, որ բացառիկ գերակա շահի առկայությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին« ՀՀ օրենքի դրույթները. «Այսինքն՝ հաշվի առնելով այն, վերոգրյալը ծրագիրը, ըստ էության, կորցրել է իր գերակա լինելու հատկանիշը, և պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր նշված տարածքում գոյություն ունեցող հուշարձանների և այլ գույքի նկատմամբ ծագած հարաբերությունների կանոնակարգման և իրավական որոշակիության ապահովման ուղղությամբ»։
Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից դեպի մինչև Սախարովի հրապարակ ընկած տարածքում գերակա շահ ճանաչված որոշմանը: «Ընդհանուր առմամբ մի քանի շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող: Փաստացի կարելի է ասել, որ այս գործընթացում քաղաքաշինական մեծ առաջընթաց չի եղել: Եվ նաև, հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 2013թ. որոշումից: Առաջարկվել է քաղաքապետարանին քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում: Ես ուզում եմ ուղղակի հատուկ շեշտել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող նման շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը, ընդհանուր առմամբ, ընդունելի չէ մեր կառավարության համար»,-ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման և դրանցում իրականացվող քաղաքաշինական գործընթացները. «Պարբերաբար այդ ուղղությամբ առաջարկություններ ենք ներկայացրել, և սա հերթականներից մեկն էր»:
Տնտեսավարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ.կկրճատվեն մի շարք թույլատվական փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետները
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Արտաքին առևտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամկետը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը կիրականացվի առավել արդյունավետ: Փաստաթղթերի ներկայացումը նախատեսվում է նաև իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ուստի հնարավորության սահմաններում կրճատվել են ժամկետները` հնարավորություն տալով մատուցել համապատասխան ծառայությունները տնտեսավարող սուբյեկտներին առավել կարճ ժամանակահատվածում, ինչի արդյունքում կնվազի ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ ծախսվող ժամանակահատվածը:
Տիգրան Ավինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս էլեկտրոնային իրականացվելու, գործընթացներն արդիականացնելու կարևորությունը:
Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև հոկտեմբերի 1-ը
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ կենսաթոշակը 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Ըստ նրա՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով բանկերի միջոցով վճարվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով, որի պայմանագրի օրինակելի ձևը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև որևէ իրավական ակտով սահմանված չէ։ Ըստ այդ, սահմանվում է լիազոր մարմնի և Ազգային օպերատորի միջև կնքվող` կենսաթոշակներն Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը, որում կարգավորվում են՝ պայմանագրում կիրառվող հասկացությունները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի գինը (կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով)։ Կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ առաջարկվում է սահմանել մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է պատշաճ իրազեկում իրականացնել. «Իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի մարդիկ հասկանան հստակ, թե ինչ են ստանում այս գործընթացում, ինչ գործողություններ իրենք պետք է անեն և ինչ հարմարավետություն է սա ապահովում նաև իրենց համար՝ հերթերում չլինելու, ինչ-որ տեղ չգնալու: Ես կարծում եմ, որ մենք դեռևս հեռավոր գյուղերի մասին հաջորդ փուլում ենք մտածելու: Սկսում ենք մեծ քաղաքներից, հետո՝ մի քիչ ավելի մեծ գյուղերից, որից հետո նոր արդեն կանցնենք հեռավոր գյուղերին»:
Կերկարաձգվի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման ժամկետը և կընդլայնվի շահառուների ցանկը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսի տարածման դեռևս շարունակվող պայմաններում տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների զարգացման համար ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու նպատակով: Արդյունքում՝ տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունները կորոնավիրուսի տարածման դեռևս շարունակվող պայմաններում հնարավորություն կունենան մինչև 2021 թ. հուլիս ամիսը ներառյալ ներգրավել ֆինանսական միջոցներ՝ թեթևացնելու վարկային պարտավորությունները, պաշտպանելու զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը և շարունակելու բնականոն գործունեությունը։ Ըստ այդմ՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շրջանակում արդեն դիմում ներկայացրած, միջոցառման մնացած չափանիշներին բավարարող, զբոսաշրջության ոլորտը սպասարկող այն տրանսպորտային ընկերությունները, որոնք 2019 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված լինելու պատճառով չեն հանդիսացել շահառու և չեն ստացել օժանդակություն, սակայն իրապես տուժել և շարունակում են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջային հոսքերի նվազումից և ունեն վարկային պարտավորությունները կատարելու հետ կապված լուրջ դժվարություններ, կունենան շահառուների ցանկում ներառվելու և օժանդակություն ստանալու հնարավորություն։
Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում հաստատված 24 շահառուի փոխհատուցման ենթակա վարկերի սուբսիդավորվող տոկոսների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 89 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ միջոցառման իրականացման արդյունքում շահառուները կարողացել են պահպանել զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը, սակայն դեռևս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու և զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու նպատակով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ