Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրավարտիք, կոնֆետ ու ելակ բերած ՀՅԴ–ական երիտասարդներին ոստիկանությունը կառավարության մոտից բռնի ուժով բերման ենթարկեց

Հունիս 10,2021 13:08

Այսօր առավոտից կառավարության դիմաց ցույց անող մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդների ոստիկանությունը բռնի ուժով քիչ առաջ բերման ենթարկեց: Այս պահին ցույցի մասնակից մի խումբ երիտասարդներ ոստիկանության բաժանմունքներում են:


Նրանք նախքան բերման ենթարկվելը՝ ներկայացրին 10 փաստ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան։ Նրանք իրենց հետ բերել էին անդրավարտիք, կոնֆետ ու ելակ։ Երիտասարդ ՀՅԴ-ականների խոսքով, սրանք, Նիկոլ Փաշինյանի միակ բարեփոխումներն են, որոնք նա արել է բանակում։

«Մեզ բացարձակ չի հետաքրքրում՝ դա դիտավորյա՞լ դավաճանություն էր, թե՞ ուղղակի այդ քայլերը բերեցին դավաճանական ելքի, որովհետեւ նա ստանձնել է Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնը եւ պարտավոր է այնպես անել, որ այդ բոլոր քայլերը բխեն մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերից, սակայն ճիշտ հակառակն է եղել: Հիմա էլ գիտակցված՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է այդ ուղղությամբ»:

ՀՅԴ երիտասարդների խոսքով, երբ վերլուծում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անդամների գործողություները՝ ստացվում է, որ այդ մարդիկ «ե՛ւ ապիկար են եւ դավաճան» են. «Նախքան պատերազմը նա ոչնչացրել է հարաբերությունները Հայաստանի բոլոր դաշնակիցների հետ, բանակցություններում իրեն դրսեւորել է, որպես անվստահելի գործընկեր, ինչի հետեւանքով պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանը մնացել է միայնակ եւ զրկվել միջազգային լծակներով Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից»:

Նրանք հիշեցրին ՀԱՊԿ-ի պատմությունը՝ Յուրի Խաչատուրովի հետ կապված, Իրանի հետ հարաբերություները փչացնելը եւ այլն:

Նրանց խոսքով, բանակի համար զենք գնելու փոխարեն՝ կոսմետիկ փոփոխություններ է արել՝ «Փոխանակ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ գնեին, բանակին մատակարարվել է ելակ, այն դեպքում, երբ բանակում սննդի խնդիր վաղուց չկա: Փոխանակ գնեին հակաօդային պաշտպանության զենքեր, որոնց գնումն արդեն նախատեսված էր, ներկա իշխանությունները գնել են ՍՈՒ-30 օդանավեր՝ առանց հրթիռների, որոնք հնարավոր չի եղել օգտագործել ողջ պատերազմի ընթացքում, դրանք միայն սելֆիների համար են օգտագործվել»:

Ասացին նաեւ, որ պատերազմի առաջին օրերից հայտարարել են արտակարգ դրություն՝ ընդդիմադիրներին լռեցնելու համար: Փաշինյանն, ըստ նրանց, չի կազմակերպել զորահավաք եւ զորքերի համալրումը. «Փոխանակ պատշաճ կազմակերպման եւ կանոնավոր բանակի պահպանմանը, երկրի ղեկավարը կոչ է արել ջոկատներ կազմել՝ անկազմակերպ, առանց անվտանգության մասին հոգալու»: Ըստ նրանց այդ անկազմակերպ գործողություները հետևանքները հազարավոր զոհերն ու հաշմանդամներն էին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930